Հայկական ընկերությունները Ռուսաստանից կեղծ ապրանքագրեր են բերում. ՊԵԿ բացահայտումները

2019թ.-ի առաջին 7 ամիսների ընթացքում ՊԵԿ -ի կողմից բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության 126 դեպք, կազմվել է 89 վարչական ակտ՝ 47.9 մլն դրամի չափով։ Առանց լիցենզիայի գործունեությամբ զբաղվելու դեպքերը նույն ժամանակահատվածում եղել են 35-ը՝ 21.5 մլն դրամի չափով։ Իսկ առանց փաստաթղթավորման ապրանքների մատակարարման դեպքերից բացահայտվել են 458-ը՝ 306 մլն դրամի չափով։

Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ ամփոփելով իրավախախտումների և հանցագործությունների բացահայտման 2019–ի 7 ամիսների ցուցանիշները։

«ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող ապրանքների արժեքները պակաս են նշվում, ինչն էլ հնարավորություն է ընձեռում ավելի քիչ հարկեր վճարել ու ներքին շուկայում փոխել ապրանքի գինը՝ խախտելով ազատ մրցակցության կանոնները»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը՝ հավելելով, որ հիմնական խախտումները կատարվում են ՌԴ-ից ներկրվող ապրանքների մասով՝ հայաստանյան ընկերությունների նախաձեռնությամբ։

«Ներկրողները հիմնականում տեղական ընկերություններ են, բայց հաշվարկային փաստաթղթերը տրամադրում են դրսի ընկերությունները։ Դա, բնականաբար, կատարվում է հայաստանյան ընկերությունների խնդրանքով ու միջամտությամբ։ Իսկ փաստաթղթերը տրամադրում են ԵԱՏՄ անդամ պետություններում ապրանքներ վաճառող ընկերությունները։ Այսինքն՝ չի կարող հայկական ընկերությունը տեղյակ չլինել, կամ չցանկանալ, որ արժեքներն ավելի պակաս նշվեն»,– ասաց Հովհաննիսյանը։

ՀՀ ՊԵԿ փոխնախագահը նաև համոզմունք հայտնեց, որ նման խախտումների դիմաց պայքարելու համար հիմնականում ռուսական կողմը պետք է միջոցներ ձեռնարկի։ Ինչ վերաբերում է հայկական կողմին, ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ բազմաթիվ գրություններ են ուղարկել ՌԴ իրենց գործընկեր մարմնին` նշելով կոնկրետ ընկերությունների տվյալները։

Էդվարդ Հովհաննիսյանը նաև նշեց, որ քիչ չեն լինում դեպքերը, երբ պարզվում է, որ ապրանք մատակարարող ռուսական ընկերությունը տվյալ պահին գործունեություն չի իրականացնում, գտնվում է լուծարման ընթացքի մեջ, կամ ՌԴ–ից պատասխանում են, որ այդ ընկերությունը տվյալ պահին նման գործունեությամբ չի զբաղվում։ Նման դեպքերում, Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով, հայկական կողմն ստիպված է լինում միակողմանի լուծում տալ հարցին։