ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարալիկում մասնակցեց բամբակամանվածքային գործարանի բացման արարողությանը: Օգոստոսի 10-ին վարչապետը շրջեց գործարանի տարածքով և ծանոթացավ ընթացող աշխատանքներին:Գործարանի համասեփականատեր Գևորգ Գասպարյանը նշեց, որ թել արտադրող իրենց գործարանն իր շուրջը կհամախմբի ամբողջ տեքստիլը:«Բազմաթիվ փոքր գործարաններ կսկսեն աշխատել և հսկայական աշխատատեղ կապահովվի»,- ասաց նա:Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ կառավարությունն օրենքով նախատեսված արտոնություն է տրամադրել գործարանին, իսկ անհրաժեշտության դեպքում գործարանը կկարողանա ընդլայնել ամսական արտադրվող թելի ծավալը:«Գործարանն այս պահին պատրաստվում է ամսական 300 տոննա թել արտադրել, բայց, եթե կլինեն կազմակերպություններ, որոնք պահանջարկ կստեղծեն, հնարավոր կլինի ընդլայնել արտադրվող թելի ծավալը»,- նշեց նախարարը:Գործարանի բացման համար արդեն ներդրվել է ավելի քան 4 մլն դոլար: Հայաստանի կառավարությունը մինչև 13 մլն ներդրման արտոնություն է տրամադրել։ Գործարանը 297 հազար դրամ միջին աշխատավարձով աշխատատեղեր կապահովի 150 մարդու համար։ Այն հիմնադրվել է նախկին բամբակամանվածքային գործարանի տարածքում, որից ոչինչ չէր մնացել։ Նախկինում` Խորհրդային միության տարիներին, 1700 մարդ է աշխատել գործարանում։Թելերի միակ արտադրությունը Հայաստանում կիրականացվի նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։ Ընկերությունն այժմ ունի 41 աշխատակից, որոնք վերապատրաստվել են հրավիրյալ մասնագետների օգնությամբ։ Առկա են թափուր աշխատատեղեր, քանի որ թելի մանվածքային գործարաններում ընդունված է 24/7 աշխատանքային ռեժիմ կիրառել։ Ընկերությունն առաջին փուլով նախատեսում է ունենալ մինչև 120 աշխատակից։ Հաջորդիվ գործարկվելու է նաև բժշկական բամբակյա իրերի արտադրություն, այժմ հաստոցները ճանապարհին են, որի արդյունքում կավելանան և աշխատատեղերը։Առաջին փուլով ամսական թողարկվելու է 380 տոննա թել, որը կիրառություն ունի բամբակյա պարանների, բրեզենտների, ձեռնոցների, գուլպաների և խավավոր սրբիչների արտադրության մեջ։ Ընդհանուր առմամբ, գործարանն արտադրելու է բամբակյա, կիսաբամբակյա թելեր, ինչպես նաև գործելու է կտորների թափոնների վերամշակման հոսքագիծ, որի արդյունքում լուծվելու է տեքստիլ արտադրության թափոնների հարցն ամբողջ Հայաստանում։Ընկերությունը նախատեսում է առաջիկա 1 տարվա ընթացքում ավարտին հասցնել 13մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագիրը, որի արդյունքում տարեկան Հայաստանի հագուստի ծավալը կավելանա շուրջ 9 մլն դոլարով կամ 19 տոկոսով։ Ընկերությունում միջին աշխատավարձն այս պահին կազմում է 264,400դրամ։Հիմնական շուկաներն են լինելու Հայաստանը, Ռուսաստանը։