30 մլն դրամ` մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին. որքան աջակցություն կստանան տուժածները

Ինչպես հայտնի է` դեռեւս ամիսներ առաջ ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանն ու  Ալեն Սիմոնյանը հեղինակել  էին «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծը: առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոփոխություններ է առաջարկել: Նախագծով սահմանվում էր, որ  աջակցություն ստանալու իրավունք ունի այդ օրերի գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը եւ այն անձը, որին նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: 

Եվ նախագծում արդեն ամրագրված է աջակցություն ստացողների շրջանակը։ ՀՔԾ-ն տրամադրել է տեղեկանք, որ ծանր վնասվածք է ստացել 63 անձ, ու հայտնի է նրանց ով լինելը։ Ընդ որում` նրանց թվում կան 13 քաղաքացիական անձ, 20 ոստիկան, 1 պայմանագրային զինծառայող, 29 ոստիկանության ներքին զորքերի ժամկետային զինվորներ։ Նախագծի համաձայն`աջակցության չափը, ձեւերը եւ այլ հարցեր պետք է սահմաներ կառավարությունը, իսկ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք դիմումը կարող էին ներկայացնել Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Նախագծով նախատեսված է, որ աջակցության չափը եւս պետք է որոշի ՀՀ կառավարությունը օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: Եվ ահա կառավարության` հուլիսի 18-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին հարցը: Ըստ այդմ, անձինք պետք է դիմում ներկայացնեն ՀՀ արդարադատության նախարարություն`  սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում: Նախատեսված ժամկետից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման: Իսկ ժամկետում ստացված դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի՝ աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը: Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝ 1) ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 ՀՀ դրամ, 2) առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000 ՀՀ դրամ, 3) առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000 ՀՀ դրամ 

Աղբուրը` armlur.am