Փաշինյան. «Շատերը հեղափոխությունն ընկալել են, որ եթե նախկինում Նոր տարուց առաջ իրենց 2 շիշ լիմոնադ էին տալիս, հիմա պետք է 4 շիշ տան»

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում էր, նա մասնակցում էր Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ կենտրոն) «ՍՄԱՐԹամեջ»-ին: Վարչապետի ելույթից հետո քաղաքացիները հարցեր տվեցին:
Հանդիպմանը ներկա մի կին, ինչպես ինքն ասաց, 32 տարի է ԱՄՆ-ում է բնակվում, ծնունդով Չկալով գյուղից է. «Եթե ինձ հարցնեք՝ իմ գյուղի անունը պիտի փոխենք Դրախտիկ»:
Հիմա նաեւ գյուղի փողոցները վերակառուցվել են, երեկոյան դրանք լուսավորվում են. «Ունենք հանդիսությունների սրահ, նշանադրություն, հարսանիք են անում, խաղահրապարակ կառուցեցինք անցյալ տարի: Ինձ հարցրեցին, թե էլ ի՞նչ ծրագրեր ունենք: Այս տարի մի հատ դաշնամուր ենք առել, տարել գյուղ, ու Դսեղ գյուղից ուսուցիչը գալիս է դասավանդում է: Դաշնամուրն օգնում է, որ բնակիչներն իրենց մարդ զգան, երեխաները հասկանան, որ իրենք ապրում են: Բայց որ դուք ասում եք՝ շորով են օգնում… ես ամեն գալուց նորածինների համար հագուստ եմ բերում: Մեր գյուղում չամուսնացած տղաներ կան, պայմաններ չունեն, որ ամուսնանան…»: Այս տիկինն ուզում էր շարունակել, դահլիճից ծիծաղելով սկսեցին հուշել՝ վերջը, հարցը ո՞րն է: Թեեւ տիկինը հարցը չհնչեցրեց, բայց կարծես թե Փաշինյանի համար այն պարզ էր, պատասխանեց. «Ձեր գործունեությունը շատ գնահատելի է, դա շատ հայկական է, հիմա դուք գործում եք որպես այդ երեխաների հարազատ, հորաքույր, մայր, քույր, ես խոնարհվում եմ, որ այդպիսի հարազատական վերաբերմունք կա: Ուրիշ օրինակ բերեմ՝ այս կենտրոնի վրա ծախսվել է 6 միլիոն դոլար: Ես նկատի ունեմ՝ լավ է, հոյակապ է, որ կան նաեւ այնպիսի մարդիկ, որոնք ոչ թե որոշում են նոր տարվանից առաջ 6 միլիոն դոլարի բրինձ, տոմատ լիմոնադ տան, որովհետեւ, սովորաբար, նման բաներն անում են ինչ-որ բան հետ ստանալու համար՝ առաջիկա ընտրություններին ձայն, վճարովի հանրահավաքի մասնակցություն եւ այլն, Հայաստանում այդպիսի տասնյակ 6 միլիոն դոլարներ են ծախսվել ձեզ հայտնի մարդկանց կողմից, բայց այդ մարդկանցից ոչ մեկը այս կենտրոնի կեսի չափ կենտրոն չի ստեղծել: Որովհետեւ այդ մարդկանց պետք է ա՜յ այն երեխան ինքն իրեն իր ապագային չհավատա, այլ հավատա մի հզոր, հարուստ, ջիփով օլիիգարխի: Իսկ այս կենտրոնները երեխաներին օգնում են իրենք իրենց հավատան, նրանք ընտրություններին գնալու են քվեարկեն ոչ թե նրան, ում իրենց ասում են: Նրանց ծնողներից շատերը առաջիկայում այդպես քվեարկելու են, հեղափոխության էյֆորեայի տակ, ճիշտ է… սա է երկու մոդելի տարբերությունը: Էն մոդելը գցում է կախվածության մեջ «պսեւդո» լիդերներից: Իսկ այս մոդելը մարդկանց տալիս է ազատություն գործելու եւ երջանիկ լինելու: Այն մոդելը Հայաստանում խնդիրներ է ստեղծել: Շատերը հեղափոխությունն ընկալել են հետեւյալ կերպ՝ եթե նախկինում Նոր տարուց առաջ իրենց 2 շիշ լիմոնադ էին տալիս, հիմա պետք է տան 4 շիշ: Մենք ասում ենք՝ ո՛չ, մենք ուզում ենք մարդը արժանապատիվ աշխատանքով վաստակի իր լիմոնադը, հլը մի լիմոնադ էլ ինքը պետբյուջեին որպես հարկ վճարի»: 

Աղբյուրը` www.aravot.am