«SOS Սևան»-ն առաջարկում է կառավարությանը միջոցառումներ իրականացնել Սևանի փրկության համար․ բաց նամակ

«SOS Սևան» նախաձեռնությունը Սևանա լճի բնապահպանական խնդրով բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է.Հարգելի ՀՀ վարչապետ և ՀՀ կառավարության անդամներ,

«SOS Սևան» նախաձեռնությունն առաջարկում է ՀՀ կառավարությանը միջոցառումներ իրականացնել Սևանի փրկության համար: Նախաձեռնության կազմում են` գիտնականներ, հասարակական գործիչներ, Գեղարքունիքի մարզի ակտիվ քաղաքացիներ, սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր հավաքագրել են փաստեր, գիտական հետազոտությունների արդյունքներ, ուսումնասիրություններ, պետական և անկախ փորձագետների կողմից ստացված մոնիթորինգային տվյալների վերլուծություններ:

Ի մի բերելով այս ամենը` նախաձեռնությունը դիմում է ՀՀ կառավարությանը, որպեսզի այն իր ամբողջ կազմով պատասխանատվություն ստանձնի Սևանա լճի փրկության համար:

Ամեն տարի ՀՀ կառավարությունն ընդունում է որոշման նախագիծ «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը հաստատելու մասին» և հետագայում Ազգային Ժողովն ընդունում է այն: Սակայն, դիտարկելով Սևանա լճի ներկայիս վիճակը, փաստում ենք, որ օրենքի պահանջները թերի են իրականացվում:

Ներկայումս պատասխանատվությունը կրում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որն իր հերթին այդ պատասխանատվության կրող է տեսնում նաև այլ պետական մարմինների` ՀՀ առողջապահության նախարարությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին և այլն:

Հաշվի առնելով, որ Սևանա լճի խնդիրները բազմազան են և պահանջում են և մասնագիտական, և քաղաքական լուծումներ, պարզ է դառնում, որ մեկ կամ մի քանի պետական կազմակերպություն կարող է միայն մասնակի խնդիրների համար լուծում գտնել` չպատկերացնելով ամբողջական ծավալը և չունենալով համապատասխան լծակներ այդ լուծումները կյանքի կոչելու համար:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կենտրոնացել է հետևյալ խնդիրների վրա.

• Սևանա լճի հարակից հատվածներում առկա տասնյակ բնակավայրերից կեղտաջրերի մուտքը լիճ
• Սևանի ափամերձ տարածքներում գործող սպասարկման և ժամանցի օբյեկտներից կեղտաջրերի մուտքը լիճ 
• Գյուղատնտեսությունը և անասնապահությունը 
• Ցանցավանդակային ձկնաբուծությունից ֆոսֆորի և ազոտի մուտքը լիճ 
• Ջրածածկ և ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ
• Բարձր ջերմաստիճանը և կլիմայական փոփոխությունները
• Տեղումների սակավությունը 
• Քամիների ինտենսիվությունը, որի պատճառով ապրիլ ամսին նորմայից մոտ երկու անգամ բարձր էր գոլորշիացումը:

Այս խնդիրների լուծման նպատակով նախարարությունն առաջարկում է համապատասխան գործողություններ:

Նշելով այս խնդիրների լուծման կարևորությունը` «SOS Սևան» նախաձեռնությունն առանձնացնում է առաջնային լուծում պահանջող խնդիր` Սևանա լճի մակարդակի բարձրացումը: Խնդրի լուծումը պահանջում է բազմաթիվ լծակների կիրառում: Բարձրացմանը խանգարում են հետևյալ կարևոր հանգամանքները.

  •  Սևանա լճի շուրջը կա 1905 մ նիշից ցածր գտնվող թվով 4729 հաշվարկված շինություն, որոնք Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման պարագայում կմնան ջրի տակ: 
  • Պետական նշանակության ճանապարհները, էլեկտրահաղորդման գծերը և այլն, նույնպես կարող են ջրածածկվել: Մինչ օրս կառավարությունը չի առաջարկել ենթակառուցվածքների տեղափոխման միջոցառումների ծրագիր:
  • Սևան-Հրազդան հիդրոկասկադի բիզնես-շահը Սևանա լճի ջրառի հաշվին: 
  • Ոռոգման համակարգի խիստ անբավարար վիճակը Սևան-Հրազդան ջրատարում և Արարատյան դաշտում: Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների շարունակվող գերշահագործում, ինչը հանգեցրել է Սևանա լճից հավելյալ ջրառների:
  • Որոտան-Արփա թունելի չշահագործումը, Արփա-Սևան թունելով Սևանա լիճ մտնող ջրի պակասը:

Անհրաժեշտ է.

• կատարել Սևանա լճին սպառնացող վտանգների համալիր գնահատում

• բարձրացնել Սևանա լճի ջրի մակարդակը հիպոլիմնիոնի պաշտպանիչ շերտի ձևավորման համար

• Սևանա լճի ափերը արագ նախապատրաստել Սևանա լճի մակարդակի բարձրացման համար

• վերանայել Սևանա լճի մակարդակի բարձրացման նիշը` սահմանելով 1903,5 մ-ից ավելի բարձր նիշ` վերահաշվարկելով Սևանա լճի ջրային բալանսը

• ապահովել Սևանա լճի ջրառի առցանց հանրային վերահսկողություն:

Մինչև ջրի մակարդակի բարձրացման խնդիրն իր պատշաճ լուծումը չստանա, հաշվի առնելով բոլոր նշված հանգամանքները, բոլոր մնացած, գուցե հրատապ միջոցառումները կրում են միջանկյալ բնույթ:

Մյուս գլխավոր խնդիրը Սևանա լճի ջրի որակն է: «Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները բավարար չեն ջրի որակին գնահատականներ տալու և կոնկրետ լուծումներ կամ տեխնոլոգիաներ գտնելու ուղղությամբ:

Անհրաժեշտ է.

• պարզել, թե ով, որտեղից և ինչով է աղտոտում Սևանը` մշակելու Սևանա լճի մաքրման միջոցառումների կարգ

• Սևանա լճում կիրառել նոր տեխնոլոգիաներ լճի մաքրման համար, ինչի համար անհրաժեշտ է մշակել նոր նորմեր և ստանդարտներ, այդ թվում` կապտականաչ ջրիմուռների կողմից արտադրվող թունավոր միկրոցիստինի համար:

Որպես ֆինանսական աղբյուր` Սևանա լճի փրկությանն ուղղված միջոցառումների իրականացման համար օգտագործել 2017 և 2018 թթ. Սևանա լճից իրականացված հավելյալ ջրառի արդյունքում էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած գումարները:

Պարոն վարչապետ, դիմում ենք Ձեզ, որպեսզի ուղիղ եթերով հայտարարեք Սևանա լճի ափամերձ տարածքների և լիճ թափվող գետերի, Սևանա լճի մաքրման ֆլեշմոբ` կառավարության և պետական այլ կառույցների մասնակցությամբ և ֆլեշմոբի ծրագրի կազմակերպումը հանձնարարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը` հրապարակային դարձնելով արդյունքները: