«ՀԷՑ» և «Տաշիր» ընկերությունները նոր հնարավորություններ են ստեղծում ՀԱՊՀ-ի ուսանողների համար

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ բուհի լավագույն շրջանավարտների՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աշխատանքի տեղավորման մրցույթի արդյունքների ամփոփումը։ Մրցույթի արդյունքում պոլիտեխնիկական համալսարանի 7 շրջանավարտ այս տարվա հուլիսի 15-ից աշխատանքի կանցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում որպես ճարտարագետ։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը և այլք։  Համագործակցությունը լինելու է շարունակական:

«Մենք շատ ուրախ կլինենք,  որ 7 ուսանողի փոխարեն լինի 17-ը կամ 27-ը, մեզ մոտ երիտասարդ,  պատրաստված կադրերի անհրաժեշտություն միշտ կա: Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աշխատակիցների  միջին տարիքը 50-ից բարձր է: Երիտասարդ ուսանողների ընդունումը կնպաստի անհրաժեշտ սերնդափոխությանը: Նոր ընդունվող ուսանողների աշխատավարձը նախատեսվում է 300.000 դրամ  և մինչև 200.000 դրամ պարգևատրման ֆոնդ՝  յուրաքանչյուրի մասով:  Ըստ տվյալների և մասնագիտական որակավորումների՝ նոր աշխատակիցները հնարավորություն կունենան մինչ 500.000 դրամ ամսական աշխատավարձ ստանալ»,- ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ,  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ մաղթելով էլ ավելի արդյունավետ աշխատանք արդեն ընկերության կոլեկտիվում։ «Ուրախ եմ, որ նախկին համալսարան-գործատու սերտ համագործակցության բարի ավանդույթը վերականգնում ենք։ Վստահ եմ՝ նոր ձեռքբերումներ կունենանք մեր հիանալի նոր սերնդի ներկայացուցիչների հետ», – նշեց նա։

2017 թ. «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախաձեռնությամբ պոլիտեխնիկական համալսարանում գործում են աշխարհահռչակ ֆրանսիական «Schneider Electric» ընկերության «Գերազանցության» և «Կասկադ» ընկերության ինովացիոն կենտրոնները, որտեղ տեղակայված են էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ։ Վերը նշված լաբորատորիաների ստեղծման արդյունքում տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ այսօր հնարավորություն ունեն հմտություններ զարգացնել ու ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին։ Բարձր տեխնոլոգիական ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնները նախատեսված են ոչ միայն ապագա մասնագետների, այլ նաև ոլորտի արդեն կայացած աշխատակիցների համար:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մագիստրատուրայի ուսանող Կարեն Միքայելյանը, ով հուլիսից կանցնի աշխատանքի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում, ուսումնառության տարիներին հավատում էր, որ պոլիտեխնիկական համալսարանի աջակցությամբ աշխատանքի ընդունումը կլինի ուսումնական հաստատությունն ավարտելու տրամաբանական շարունակությունը:

«Ամենամսյա կրթաթոշակը մշտապես ոգևորում էր մեզ և պարտավորեցնում ձգտել ավելի լավ սովորել և մասնագիտանալ ընտրած մասնագիտությունում:  Հաջորդ քայլը կլինի աշխատավայրում ինձ արդարացնելը, որպեսզի հուսախաբ չանեմ ինձ հավատացողներին»,- ասել է Կարեն Միքայելյանը:

Ծրագրի շրջանակում 2017 թ. «Տաշիր» բարեգործական ընկերությունը կրթաթոշակներ է տրամադրում Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի և մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին յուրաքանչյուրին տարեկան մինչև 6000 դոլարին համարժեք դրամի չափով: Մինչ օրս կրթաթոշակ է ստացել 136 ուսանող։

Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի խոսքով՝ «Տաշիր» ընկերությունների կողմից ստեղծված կենտրոնները կարող են ոչ միայն գիտության և տեխնոլոգիաների մեծ առաջխաղացում ապահովել, այլև հիմքեր ստեղծել գիտա-տեխնիկական արդյունաբերական արտադրության համար:

«Ուրախալի է նաև, որ մեր ուսանողները, ովքեր նաև վերապատրաստվել են կենտրոններում, հնարավորություն են ստացել աշխատանքի անցնել մեր երկրի ամենամեծ ու ամենաարդյունավետ կազմակերպություններից մեկում»,- ասել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը

Հանդիպման ավարտին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը Գիտական խորհրդի անունից «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ՀԱՊՀ Շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Դարբինյանին  պարգևատրեց ՀԱՊՀ ոսկե հուշամեդալով:

Աղբյուրը` tert.am