«Անատամ, իմպոտենտ արտահայտություններ անելու փոխարեն՝ մեխն էլ է ձեր ձեռը, չագուչն էլ, լուծե՛ք հարցը». «թեժ» քննարկում ավագանու նիստին (տեսանյութ)

Երևանի ավագանու արտահերթ նիստն այսօր ընթանում էր լարված մթնոլորտում: Քաղաքապետ Հայկ Մարությանի և «Լույս» խմբակցության անդամների միջև վեճեր տեղի ունեցան:

Աղբահանության հարցի քննարկման ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին ակնարկեց, որ վերջինս մտերիմ է նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ:

«Երբ խոսք ընկավ կոռուպցիոներ հանրապետականների մասին, ես ակամայից հիշեցի այսօրվա մեր գործակարգավարականը: Պարոն Խաչիկյանը զեկուցեց, որ մարդիկ բողոքել են և «Սանիթեք» ընկերության գարաժները փակել են: Նիկոյանի հետ մոտ եք, փոխանցեք իրեն, որը վարձակալությամբ տվել է այդ տարածքը և գումար է աշխատում… այդտեղ նաև սպանություն է տեղի ունեցել, թող ինքն էլ իր կողմից այդտեղ կարգավորումներ տանի, որովհետև այսպես շարունակել հնարավոր չէ: Օդում կախված լուրերով՝ Դուք մոտիկ եք պարոն Նիկոյանի հետ»,- ասաց Մարությանը:

Խաժակյանն էլ հակադարձեց, որ սուրհանդակային ծառայություններով հավանաբար հենց քաղաքապետն է զբաղվում, այդ պատճառով է իրեն կոչ անում: «Ես նման բաներով չեմ զբաղվում: Անատամ, իմպոտենտ արտահայտություններ անելու փոխարեն՝ մեխն էլ է ձեռ ձեռքը, չագուչն էլ: Տարածքը վատն է՝ քաղաքապետ եք, վարչապետը ձեր ուժի ներկայացուցիչ է, ԱԺ մեծամասնությունն էլ ձերն է, լուծեք այդ հարցը»,- ասաց Խաժակյանը:

Ինչ վերաբերում է Նիկոյանի հետ հարաբերություններին, Խաժակյանը Մարությանին հիշեցրեց, որ Նիկոյանին առաջարկել էր լինել քաղաքապետի խորհրդական:

«Երբ նման հայտարարություններ եք անում, Ձեր հետագիծը նայեք, ես չեմ տառապում մարդկանց ամեն կերպ պաշտպանելու առումով: Ես խնդրում եմ Ձեր ակնարկներն այդ ուղղությամբ չանեք՝ ես ում հետ ինչ հարաբերություն ունեմ, որովհետև դա լավ տեղ չի տանում առաջին հերթին Ձեզ. ամբողջ աշխատակազմում փոխել մի քանի հոգու, իսկ ովքեր որ դրսում են, մեզ փորձել նրանց հետ նման ասոցացումներ անել, դա վատ, շատ վատ տեղ է տանելու»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Մարությանն էլ իր հերթին նշեց, որ այն, ինչ ասաց, ուժի մեջ է մնում: «Այդ հորդորը Դուք կարող եք փոխանցել, իսկ այն, ինչ կապված է մեր հետ, բոլոր գործերին հերթով ընթացք է տրվելու՝ գնալու են ԱԱԾ, Քննչական: Ես հասկանում եմ շահագրգռումները՝ լուսանկարներ կան, չգիտեմ ինչ կապվածություններ կան, բայց ցավոք սրտի, այն ընկերությունը, որի համար Դուք «դոշ եք տալիս», ունակ չէ սպասարկել քաղաքը, իսկ Դուք ասում եք՝ եկեք մասնավորին տանք: Ինչպե՞ս կարող ենք տալ մասնավորին, եթե այս պահին տապալում է մասնավորը աղբահանությունը»,- ասաց Մարությանը:

Խաժակյանն էլ պատասխանեց. «Ես բլոտ խաղալ չգիտեմ, բայց ընկերներս ինձ ասացին, որ քուանշից հետո կապուտ կա, ես Ձեզ քուանշ արդեն հայտարարել եմ, հիմա կապուտ եմ հայտարարում»:

«Բայց թարս կապույտ էլ կա, տենց էլ է լինում մեկ-մեկ»,- Խաժակյանին պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, վարչապետի աշխատակազմի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:

Կոտոլյանի արձագանքից հետո «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարեց, որ նիստերի դահլիճը դարձրել են «բազար»:

Իսկ Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Ստեղ մարդ վատացա՞վ նորից, պաշտոն ստացած մարդ վատացա՞վ այդտե՞ղ»:

Կոտոլյանն էլ իր հերթին արձագանքեց. «Հանգիստ նստի տեղդ: Պարո՛ն քաղաքապետ, խնդրում եմ՝ այս հարցը լուծել, որովհետև երբ որ մեր խմբակցության ավագանու անդամներն են փորձում ինչ-որ տեղից ելույթ ունենալ, թույլ չի տրվում»:

Կոտոլյանի խոսքը կիսատ մնաց, քանի որ նրան արձագանքեց «Լույս» խմբակցության մեկ այլ անդամ՝ Անի Խաչատրյանը. «Դու էն «արա՞»-ն ես, որ կարողացավ ինձ հետ «արա»-ով խոսել»:

Միջամտեց Հայկ Մարությանը, որը հորդորեց Անի Խաչատրյանին գոռալով չխոսել. նա նշեց, որ գոռալով նրա քաղաքական կշիռը չի ավելանա և անջատեց խոսափողը:

Քաղաքապետին պատասխանեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը. «Պարո՛ն քաղաքապետ, եթե Ձեզ թվում է, որ դուք քաղաքապետ եք և երբ ուզեք, կարող եք խոսել, ապա ասեմ՝  Դուք քաղաքապետ եք մեկ անձի վարկանիշի շնորհիվ… »:

Դահլիճում իրարանցում սկսեց, բոլորը տեղից խոսում էին, Թեհմինա Վարդանյանը շարունակեց. «Խնդրում եմ լռություն: Եթե ձեզ թվում է՝ կարող եք մարդկանց տարբեր բաների մեջ մեղադրել, ապա հիշեցնեմ… »:

Հայկ Մարությանն անջատեց վերջինիս խոսափողը: «Հասկանում եմ, որ Դուք նյարդայնանում եք, որ այսօր մարդիկ ուրախ են, թափանցիկ ընտրություններ ենք անցկացնում և այլն, բայց մենք օրակարգով շարժվում ենք առաջ: Ես իրոք չեմ լսում՝ Դուք ինչ եք ասում», ասաց քաղաքապետը և խոսքը փոխանցեց հաջորդ ելույթ ունեցողին: