Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնապես բացեցին Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ձևավորված նոր Տեխնոլաբը: Այս տեխնոլոգիական կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի երկարամյա և հաջող համագործակցության արդյունքում և ներառված է Երևանի ամերիկյան անկյան կազմում:
Տեխնոլաբը հագեցված է համակարգիչներով, եռաչափ տպիչներով, եռաչափ գրիչներով, ինչպես նաև կոդավորման ու ռոբոտիկայի համար անհրաժեշտ գործիքակազմով: Տեխնոլաբի նպատակն է նոր տեխնոլոգիաների և տեխնիկական հմտությունների զարգացման համար անհրաժեշտ գործիքների օգտագործման անվճար հնարավորությունների ապահովումը՝ հատկապես երիտասարդների համար:
Տոխնոլաբում կանցկացվեն կոդավորման և ծրագրավորման դասընթացներ և ուսուցումներ կապված կենտրոնում առկա նոր տեխնոլոգիաների հետ: Այցելուները կարող են նաև բերել և տեղում օգտագործել իրենց անձնական սարքավորումները: Այստեղ նաև ապահովվում է ինտերնետային կապ: Շինությունը հասանելի է հաշմանդամություն ունեցող անձնանց համար: Ինչպես բոլոր Ամերիկյան անկյուններում, այստեղ ևս բոլոր ծառայությունները և ծրագրերը կլինեն անվճար:
Բացման արարողության ժամանակ դեսպան Թրեյսին իր խոսքում նշեց. «Միացյալ Նահանգները և Հայաստանը համակարծիք են այն հարցում, որ մեր հետզհետե ավելի ու ավելի շատ փոխկապակցված գլոբալ հասարակությունում երիտասարդների հաջողության գրավականը կրթությունն է գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի մասով… Հուսով եմ, որ նոր Տեխնոլաբը կօգնի լրացնել տեխնոլոգիաների նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը, որ այս պահին կա Հայաստանում»:
«Այս գերժամանակակից տեխնոլաբը, որն ԱՄՆ դեսպանության և Երևան քաղաքի միջև արդյուանվետ համագործակցության հերթական փայլուն նմուշն է, հնարավորություն կտա գրադարանի ընթերցողներին օգտվել նորագույն տեխնոլոգիաներից: Այստեղ կկազմակերպվեն նաև նորագույն սարքավորումներից օգտվելու դասընթացներ՝ բոլոր տարիքային խմբերի համար: Սա այն է, ինչ մենք ուզում ենք և գնում ենք այդ ուղղությամբ՝ նոր մակարդակի բարձրացնել մեր ավանդույթները բարձր տեխնոլոգիաների բնագավառում, և տալ նոր գործիքներ մարդկանց՝ կրթվելու եւ զարգանալու համար», — ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ դեսպանությանն արդյունավետ համագործակցության համար։