«Պուտինն ու Փաշինյանը երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ չեն քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման հարցը». Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ չեն քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի քննարկվել: Երեկ կայացած զրույցը շատ հանգամանալից էր, երկկողմ հարաբերություններին ու առևտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտներին վերաբերող»,- ասել է Պեսկովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կոնստանտինյան» պալատում երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Հանդիպման սկզբում տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների ձեռքսեղման և արարողակարգային լուսանկարահանման արարողությունը։

«Ես շատ ուրախ եմ ողջունել Ձեզ ևս մեկ անգամ, այս անգամ՝ Պետերբուրգում։ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը լավ հարթակ է գործընկերների հետ հանդիպելու, տնտեսական օրակարգի հարցեր քննարկելու։ Կարիք չկա երկկողմ հարցեր քննարկել, մենք դա անում ենք պարբերաբար։ Ռուսաստանն առևտրաշրջանառության առումով և շատ այլ հարցերում Հայաստանի առաջատար գործընկերն է, ինչը խոսում է մեր երկու երկրների լավ հարաբերությունների մասին»,- նշել էր Վլադիմիր Պուտինը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում է գտնվում աշխատանքային այցով, որտեղ մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին:

tert.am