Գործարար Վահագն Աբգարյանի բարեգործությունները՝ Լոռու մարզում

2017 թվականի սեպտեմբերին Ալավերդի քաղաքի բնակիչ, գործարար Վահագն Աբգարյանը հրազենային վիրավորում էր ստացել Թուֆենկյան հյուրանոցի բակում: Սա թվով երրորդ մահափորձն էր Աբգարյանի դեմ: 2018 թվականի հունվարին Վահագն Աբգարյանը ձերբակալվել էր՝ կասկածվելով սպանություն կազմակերպելու մեջ: Այս դեպքերը լայնորեն քննարկվեցին լրատվամիջոցներում և հասարակության մեջ, սակայն քչերը գիտեն, որ Վահագն Աբգարյանը վերջին տարիներին իրականացրել է բարեգործական մի շարք միջոցառումներ Լոռու մարզի համայնքներում և խոշոր քաղաքներում: Վահագն Աբգարյանի անմիջական աջակցությամբ հրատարակվել է «Լոռի, իմ սեր, իմ թախիծ» գիրքը, որտեղ ներկայացված են լոռեցի գրողների արձակ և չափածո ստեղծագործությունները: Բարեգործական նախաձեռնությունների շրջանակում՝ Վահագն Աբգարյանն իր նախաձեռնությամբ աջակցել է նաև Վանաձորի մանկատանը՝ կատարած բարեգործության համար արժանանալով մանկատան հատուկ շնորհակալագրի: Վահագն Աբգարյանը պատվոգրերի է արժանացել նաև Երկրապահ կամավորական միության կողմից: Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական գործողություններ իրականացնող և թիկունքը պահող զինվորներին աջակցություն ցուցաբերելու համար Աբգարյանին իրենց շնորհակալությունն են հայտնել ոչ միայն ԵԿՄ-ից, այլ նաև հարյուրավոր զինվորներ և ծնողներ: Աբգարյանի աջակցությամբ և հովանավորությամբ 2016 թվականին Ալավերդու՝ Սայաթ-Նովայի անվան թիվ 8 դպրոցի 26 աշակերտներ այցելել են Մխիթար Սեբաստացի կրթահամալիր: Գործարար Վահագն Աբգարյանի մտերիմների խոսքով՝ բարեգործական միջոցառումների մեծ մասն էլ արձանագրված է ոչ թե թղթի վրա կամ պատվոգրերում, այլ մարդկանց հիշողություններում: