Կառավարությունը հաստատեց Կոնսերվատորիայի ռեկտորի ընտրության արդյունքները

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյանի ընտրության արդյունքները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Կոնսերվատորիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին դիմել  էին երկու թեկնածու՝ պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանը:

«2019 թվականի մայիսի 14-ին կառավարման խորհրդի նիստում, որին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, գաղտնի քվեարկությամբ Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյան ստացել է 15 կողմ ձայն, իսկ Վաղարշակ Հարությունյանը՝ 8»,- ասաց նախարարը:

Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց  վստահության համար. «Արդեն 7 ամիս է՝ պաշտոնավարում եմ, փոփոխություններ կան, բայց դեռ ավարտված չեն, ակնկալում եմ կառավարության միջնորդությունը, որովհետև 70-ականներից Կոնսերվատորիան վերանորոգման չի ենթարկվել»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց բռնությունից զերծ հասարակություն ունենալը։ «Այս առումով արվեստի դերը չափազանց մեծ է։ Երևանի Կոնսերվատորիան Հայաստանում մշակութային կյանքի ռազմավարական կազմակերպման գործում ունի առաջնորդի դերակատարում և այն շատ կարևոր է»,-հավելեց Փաշինյանը։

168.am