ՌԴ-ն հասկանում է, որ նախկին վասալային հարաբերություններն այլևս չեն կարող շարունակվել, ՀՀ պատվիրակությունը ՌԴ–ում բարձրացրել է Ադրբեջանին զենքի վաճառքի, ինչպես նաև այլ հարցեր

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն այսօր ամփոփեցին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի և ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մայիսի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած համատեղ նիստում չեն քննարկել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձնման հետ կապված հարցերը։

Պատվիրակության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը նախ նկատեց, որ իրենց այցի շրջանակում և հիմա էլ ՌԴ-ն այս հարցով պաշտոնական որևէ հայտարարություն չի արել։

«Որպես խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ՝ ճիշտ չէր լինի, որ մենք ավելի շատ ներգրաված լինեինք այս գործընթացին այն պահին, երբ որոշում կայացված չէ։ Մենք ոչ պակաս սուր հարցեր ենք քննարկել՝ միջխորհրդարանական հարթակներում իրար սատարելու, ԵՏԱՄ-ի ու ՀԱՊԿ-ի ինստիտուցիոնալ կայացման հարցերը, ԱՊՀ շրջանակում գործող կառույցներն ավելի արդյունավետ դարձնելու հարցերը»,- ասաց Բեղլոյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ ո՛չ Միհրան Պողոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյան, ո՛չ Միքայել Հարությունյանն այնքան կարևոր չեն, որքան հայ-ռուսական հարաբերությունների ընդարձակ օրակարգը, որը ներառում է խորհրդարանական տարբեր ձևաչափերում համագործակցություն և այլն։

«Օրինակ՝ ԵԱՀԿ-ում հիմա մենք մի շատ կարևոր մարտահրավերի առջև ենք կանգնել, և Ռուսաստանից հենց այս ձևաչափում քննարկման ժամանակ ստացանք հավաստիացում, որ մեզ աջակցելու են։ ՌԴ–ը վերադառնում է ԵԽ խորհրդարանական վեհաժողով, և այնտեղ ևս ակնկալում ենք նրանց աջակցությունը։ ՄԱԿ-ում և այլ խորհրդարանական ձևաչափում չափազանց կարևոր էր, որ արձանագրեինք, որ ունենք փոխգործակցության ոգի, պատրաստակամություն։ Ասեմ, որ մեր հասարակությանը հուզող շատ ավելի կարևոր հարցեր ենք քննարկել, քան այդ անձանց ճակատագրերի շուրջ։ Թեև Միհրան Պողոսյանի և այլ անձանց հարցերը քննարկել ենք այլ ձևաչափով և այլ պաշտոնյաների հետ»,- ընդգծեց Արման Բաբաջանյանը։

Վերջինիս խոսքով՝ քննարկվել են զենքի վաճառի հետ կապված հարցերը, ընդ որում, ոչ միայն ՌԴ-ի կողմից, այլև Բելառուսի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հետ կապված հարցերը։

«Նրանք փորձում էին մեզ հայտնի «պրոտոկոլային» գնահատականներ հնչեցվել, բայց մենք նաև նրանց հակադարձեցիքն այլ ձևակերպումներով, որոնք մինչ այսօր իրենց համար նորություն էին»,- շարունակեց Արման Բաբաջանյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Աբովյանն էլ խոսեց վարորդների խնդրի վերաբերյալ, ինչի մասին բարձրաձայնել է։

«Հայկական վարորդական իրավունքներով ՌԴ-ում մեքենա վարելու խնդիրը, որ հայկական վարորդական իրավունքով ՌԴ-ում տաքսի չես կարող վարել։ Երբ մենք բարձրացրեցինք հարցը, մեր ռուս գործընկերը զարմացած էին, և այդ զարմանքը մենք տեսնում էինք, որ այդ հարցը դեռ չի լուծվել։ Երբ մենք բարձրաձայնեցինք հարցը, ներկա էին թե՛ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները, թե՛ սենատորները, նրանք գրառում արեցին և մենք հասկացանք, որ այս հարցը կլինի իրենց ներքին ուշադրության կենտրոնում։ Մենք եկանք բառացի պայմանավորվածության, որ եթե լինեն հարցեր, որոնք պետք է քննարկել, մենք չենք սպասի նամակագրությունների ձևաչափով քննարկման, այլ անմիջապես կոմունիկացիայի մեջ ենք»,- շեշտեց Աբովյանը։

Անուշ Բեղլոյանն էլ հավելեց, որ հայկական կողմը բարձրաձայնել է Սևծովյան համագործակցության միջխորհրդարանական կազմակերպության քաղաքականացման հետ կապված հայկական կողմի բացասական վերաբերմունքը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում հակառուսական տրամադրություններին, Արման Բաբաջանյանն ասաց, որ ՀՀ քաղաքական մեծամասնությանը հաջողվել է ռուսական կողմին հասցնել ուղերձը, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն չի լինելու։

«Ինչ վերաբերում է ԼՀԿ-ին ասեմ, որ մենք ոչ միայն ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման, այլ խորացման ու զարգացման կողմնակից ենք, բայց ոչ ի հաշիվ մեր երկրի ինքնիշխանության, կամ ի հաշվի այլ գործընկերների հետ հարաբերությունների։ ՀՀ քաղաքական մեծամասնությանը հաջողվել է ռուսական կողմին հասցնել ուղերձը, որ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն չի լինելու։ Միևնույն ժամանակ նրանք հասկանում էին, որ նախկին վասալային հարաբերություններն այլևս չեն կարող շարունակվել, մենք արժանապատիվ, գործընկերային հարաբերությունների սկիզբ ենք դնում նաև այս ձևաչափով»,- եզրափակեց Արման Բաբաջանյանը։
 tert.am