Գյումրու քաղաքապետարանի բաժնի պետը կաշառք է վերցրել. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման և Շիրակի մարզային վարչությունների ու Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով բացահայտվել է կոռուպցիոն բնույթի դեպք:

Ինչպես հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ մարտի 11-ից Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտնաբերել է ապօրինի շինարարություն: Ըստ քննությանը այս պահին հայտնի տվյալների, նա քաղաքացուց պահանջել և Գյումրու համայնքապետարանի աշխատակցի օժանդակությամբ մարտի 24-ին ստացել է 200 դոլար կաշառք:

Այդպիսով անշարժ գույքի կառավարման բաժնի պետը քաղաքացու օգտին ակնհայտ ապօրինի անգործություն է դրսևորել և չի արձանագրել իրավախախտումը: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական մարմին՝ նախաքննության: