Քաղծառայության համակարգից դուրս մնացած աշխատակիցները կընդգրկվեն «Աշխատիր, Հայաստան» ծրագրում». Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անհնար է համարում կառավարության ներկայիս կառուցվածքով դրա հետագա գործունեությունը։ Այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ նախարարությունների կրճատումն ընդհանուր քաղծառայության համակարգի ռեֆորմի առաջին, նախնական փուլն է, լինելու են մի քանի փուլեր, և հատուկ ռազմավարություն է ընտրվելու համակարգի զարգացման ու օպտիմալացման համար։

Ըստ նրա՝ կուսումնասիրեն, թե որքանով են բեռնված եղել նախարարներն ու փոխնախարարները, և հնարավոր է՝ այս փուլում փոխնախարարները լինեն 6-7-ը, հաջորդ փուլում՝ 4-ը։

Տ.Ավինյանը նշեց, որ դեռևս փաստացի, հատկապես՝ զանգվածային, կրճատումներ նախարարություններում չկան ու չեն պլանավորվում, իսկ քաղծառայության համակարգից դուրս մնացած աշխատակիցները կընդգրկվեն «Աշխատիր, Հայաստան» ծրագրում։

Նրա կարծիքով՝ պետական համակարգից մասնավորի անցումը ժամանակ առ ժամանակ մարդկանց համար օգտավետ կարող է լինել։

«Նույն կերպով, ստատիկ շարունակել չենք կարող և չենք ուզում, որովհետև բոլոր գնահատականները՝ ԵԱՀԿ ՍԻԳՄԱ զեկույց, մեր վերլուծությունները, ապացուցում են, որ մեր հանրային ծառայության համակարգն արդյունավետ չի գործում։ Համակարգը՝ որպես այդպիսին, իր արդյունավետությունը դեռևս շատ ոլորտներում՝ աշխատավարձեր, արագագործություն, պետք է վերանայի»,- ասաց Ավինյանը։

168.am