«Ձեր գործընկերները Ձեզ դրել են վատ դրության մեջ». Քոչարյանի փաստաբանը՝ դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն անդրադառնալով Քոչարյանի գործում ներառված կաշառք ստանալու և 2008 թվականի մարտի 1-ին Զինված ուժերը ցույցերում ներգրավելու դրվագներին, նկատեց՝ պաշտպանների կողմից դատարանին արդեն ներկայացվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք խորհրդակցական սենյակում պետք է ենթակա լինեն նրա գնահատականին՝ հիմնականում անձեխնմխելիության, կիրառելի նորմի վերաբերյալ։

«Նշված հարցերն իրականում այդ դատական նիստին չպետք է հասնեին, քանի որ դրանք նախկինում բարձրաձայնվել են դատական բոլոր ատյաններում։ Վերջնական առումով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ պետք է պատասխան տված լիներ այդ հարցերին։ Այս առումով, հարգելի դատարան, ցանկանում եմ կարճ հայտարարել, որ Ձեր գործընկերները Ձեզ դրել են վատ դրության մեջ, քանի որ նախկինում այդ հարցերին նրանք պարտականություն ունեին անդրադառնալու, սակայն պատասխանատվության ամբողջ բեռը թողել են Ձեզ վրա»,- ասաց փաստաբանը։

Արձագանքելով հայտարարությանը, դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց, որ իր գործընկերները երբևէ իր վրա որևէ բեռ չեն թողել։

Այնուհետև Հովհաննես Խուդոյանն արձանագրեց, որ նախորդ տարվա հուլիսից սկսած` Քոչարյանի կալանավորման հետ կապված  հիմնավոր կասկածը հաստատող հիմքերի մեջ որևէ փոփոխություն չի եղել։

«Ռոբերտ Քոչարյանը տեղյակ լինելով քրեական գործի հարուցման մասին, վերադարձել է Հայաստան և ներկայացել վարույթն իրականացնող մարմին։ Պնդում ներկայացվեց, թե իբրև պարոն Քոչարյանը չի պատկերացրել, որ կարող է հայտնվել նման իրավիճակում, այն կոնտեքստից դուրս է ներկայացվել, քանի որ պարոն Քոչարյանն ասել է, որ, երբ նախագահ էր, չէր պատկերացնում, որ հեռագայում իր դեմ նման գործ կհարուցվի»,- ասաց Ռ. Քոչարյանի փաստաբանը։

Զվարթ Խաչատրյան

168.am