Ի՞նչ զինտեխնիկա է ոչնչացվել Հայաստանում. պարզաբանում է ՊՆ մամուլի քարտուղարը

Պաշտպանության նախարարությունն անդրադարձել է ՀՀ ԶՈՒ զրահատեխնիկայի ոչնչացման մասին մամուլում ու սոցիալական կայքերում բարձրացած աղմուկին։ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է, թե ինչ է իրականում ոչնչացվել։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է ՀՀ ԶՈՒ զրահատեխնիկայի ոչնչացման մասին մամուլում ու սոցիալական կայքերում բարձրացած աղմուկին։

«ՀՀ ԶՈՒ-երի ոչնչացված զրահատեխնիկայի մասին։ Դրանք վաղուց, մոտ մեկ տասնյակ տարի շահագործումից հանված տեխնիկաներ են։ Դրանց վրայից անհրաժեշտ, կիրառելի ամեն ինչ հանված է և եթե կարող է օգտագործվել, ապա օգտագործվում է: Այդ ոչնչացումը մեզ համար միջոցների խնայման և օպտիմալ օգտագործման համար շատ կարևոր է: Ոչնչացումը թույլ կտա ստանալ այլ ռեսուրսներ»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Հովհաննիսյանը։

Նա նաև շեշտել է, որ շահագործումից հանված զրահատեխնիկայի ոչնչացումը ՀՀ միջազգային պարտավորությունների շրջանակներում է, այդ գործընթացն իրականացվում է շատ վաղուց:

Հիշեցնենք, երեկ` մայիսի 14-ին հայաստանյան մամուլում ու սոցիալական կայքերում տեղեկություններ էին տարածվել, այդ թվում` փորձագիտական մակարդակով, այն մասին, որ ՀՀ ԶՈՒ–ում մեծ քանակով զրահատեխնիկա է ոչնչացվում։

Այդ խնդրի մասին հայտարարություն էր տարածել նաև պաշտպանության նախարարությունը` նշելով, որ Հայաստանի Զինված Ուժերը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի պահանջով 21 միավոր զրահատեխնիկա հանել է շահագործումից։

Հայաստանը 2005 թվականից համագործակցում է ՆԱՏՕ–ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում։ Հայաստանը խորհրդատվություններ է անցկացնում տարածաշրջանային անվտանգության հարցով, կատարելագործում է պաշտպանական բյուջեի ծրագրումը, մասնակցում է սեմինարներին։ Հայ զինվորականները մասնակցում են խաղաղապահ առաքելություններին Լիբանանում, Աֆղանստանում ու Կոսովոյում։

arenanews.am