Հանքարդյունաբերության կշիռը պետք է աստիճանաբար սահմանափակել, ես ավելի արագ և արմատական մոտեցումների կողմնակից եմ. Ատոմ Մարգարյան

Կարելի է ասել՝ Հայաստանը վերածվել է բաց երկնքի տակ բաց հանքահորի: Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը` անդրադառնալով  հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող քաղաքականությանը:

«Պետք է հանքարդյունաբերությունը սահմանափակել, իրականացնել ինովացիոն մոդեռնիզացիայի քաղաքականություն: Հայաստանն աֆրիկյան երկիր չէ, 400-ից ավելի մետաղական և ոչ մետաղական հանքավայրեր շահագործվել են, որոնք, ըստ էության, թալանվել են, եկամուտները դուրս են բերվել երկրից, և հիմա հայտնի էլ չէ, թե ուր են գնացել այդ ամբողջ կապիտալը, և ովքեր են սեփականատերերը:

Պետք է կասեցնել բոլոր ծրագրերը և բացահայտել իրական սեփականատերերին, երկրորդ՝ բացահայտելուց հետո իրապես գնահատել ռեալ եկամուտները, որոնք ստացել են այդ սեփականատերերը և իրականացնել բռնագանձում` օրենսդրության կիրառմամբ և այդ ամբողջ գումարների մեծ մասը ներդնել էկոլոգիական խնդիրների բացասական հետևանքների հաղթահարման մեջ»,-ասաց նա:

Տնտեսագետը գտնում է, որ Հայաստանն այս ուղղությամբ ուղղակի մտել է փակուղի, ոչ թե զարգացել է, այլ պարզապես երկիրը տարվել է կոլապսի: Նա նկատեց, որ ոչ մի հանքավայրի լիցենզիա չի տրամադրվել առանց իշխանության կամքի: «Ես այս հարցում ավելի ռադիկալ, արմատական և արագ մոտեցումների կողմնակից եմ: Այստեղ քննադատում եմ կառավարությանը, որ իր խոսքի տերը չէ, նա պետք է գնա իսկապես այդ սեփականատերերի և այդ եկամուտների բացահայտմանը»,-ասաց նա և չնայած դրան նշեց, որ օրենսդրական դաշտում քայլեր արվում են:

Ատոմ Մարգարյանը նշեց նաև, որ հանքարդյունաբերությունից Հայաստանը լիարժեք ավելացրած արժեք չի ստացել, ոչ բյուջեն, ոչ հասարակությունը լուրջ եկամուտ չի ստացել, պարզապես օֆշորների միջոցով լվացվել են այդ եկամուտները և յուրացվել են: Ըստ նրա` հանքարդյունաբերության ոլորտի օրակարգը պետք է լինեն ժամանակակից փակ ցիկլով շահագործման տեխնոլոգիաները:

Ատոմ Մարգարյանը դեմ չէ, որ որևէ ներդրող, ենթադրենք, Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիր իրականացնի, բայց միայն այն դեպքում, եթե նա ունի այնպիսի հրաշագործ տեխնոլոգիա, որը չի վնասի շրջակա միջավայրը:

«Հանքարդյունաբերության կշիռը պետք է աստիճանաբար սահմանափակել, այդ ոլորտի կրճատման վնասները կարող են փոխհատուցվել այդ ոլորտից տասնամյակների ընթացքում քամված տասնյակ միլիարդավոր դոլարների մի մասի վերադարձման շնորհիվ»,-ասաց նա:

Ըստ նրա՝ երկարաժամկետ հեռանկարում նույնիսկ այդ ոլորտում բացվող աշխատատեղերը երկրին լրջագույն բան չեն տա: «Հարկավոր է վերականգնել երկրի արդյունաբերական իմիջը, նոր արդյունաբերական քաղաքականություն իրականացնել: Աշխարհն այսօր այդ ուղղությամբ է գնում, իսկ մենք փորձում ենք 16-18-րդ դարի տեխնոլոգիաներով ընդերքը փորելով բարեկեցիկ ապագա կառուցել, ինչն անհնար է: Էկոլոգիական բումերանգը ոչ մեկին չի խնայում, այն, ինչ-որ մենք արել ենք տասնամյակներ շարունակ հանքարդյունաբերության ոլորտում, հիմա վերադառնում է էկոլոգիական բումերանգի և ծայրահեղ աղքատության տեսքով, և շարունակել այդ մոտեցումը ճիշտ չէ»,-ասաց նա:

tert.am