Ո՞նց է լինում, որ հեղափոխությունից հետո Հայաստանում բենզինի ու դիզելի գինը իջնելու փոխարեն բարձրանում է

Ինձ ո՞վ կարող է սպառիչ պատասխան տալ՝ ո՞նց է լինում, որ երկրում հեղափոխությունից հետո նույնիսկ էլի շարունակում են նույն «որակի» ասֆալտ փռել, այսինքն՝ անորակ, այսինքն՝ ասֆալտի փոխարեն էլի փոսալցում են անում ու էլի 90-ականների տեխնոլոգիայով։ Բերում փոսերի մեջ մի բուռ շեբեն են լցնում, վրայով կոշիկներով անցնում հարթեցնում (ձեր կատոկով անցածը կոշիկով հարթեցրածից չի տարբերվում) ու անունը դնում՝ ճանապարհները նորոգեցինք, կատարվեցին փոսալցման աշխատանենք։ Ախր ո՞նց անենք, որ ոմանք իրենց համահարթեցված ուղեղներով մեր ուղեղները չլվանան էդ խայտառակ փոսալցումներով, թե բա ճամփեքը սարքեցինք։ Ատկատները վկա, էս հարցում հեղափոխությունից հետո տառացիորեն ոչինչ չի փոխվել։

Կամ ո՞նց է լինում, որ հեղափոխությունից հետո Հայաստանում բենզինի ու դիզելի գինը իջնելու փոխարեն բարձրանում է։ Մի պահ կարողացան իջեցնել, որովհետև էդպես էր պետք, ու հիմա դինամիկ բարձրանում է։ Կամ ո՞նց է լինում, որ մինչև հիմա դեռ լցակայաններում քաշի մեջ խաբում են: Էլ չեմ ասում, որ Հայաստանում վաճառվող դիզելը լցնում ես թազա առած Mercedes Sprinter-ների կամ մեծ բեռնատարների մեջ ու «մատոռը խփում ա»։ Իսկ այ Վրաստանում էդպես չի: Ինչի էդ «Կամազներն» ու Sprinter-ները «մա՞րդ» չեն, էս երկրի «հպարտ քաղաքացի՞» չեն, որ էս հեղափոխությունից իրենք պիտի չօգտվեն, դեռ մի բան էլ՝ ճիշտ հակառակը: