«Որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով կամ փորձել վախեցնել». ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան

«Այսինքն՝ եթե մարդիկ ակնհայտ սուտ տեղեկատվություն են տարածում… Ես իմաստն եմ ուղղակի ուզում հասկանալ։ Արհեստական ինչ-որ աղմուկ է ստեղծվել ԱԱԾ-ի, իմ անձի շուրջ… Անհասկանալի է, չգիտեմ՝ ում է ձեռք տալիս»,- համայնքային ֆուտբոլային թիմերի առաջնության բացումից հետո ասաց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով Factor.am-ի այն դիտարկմանը, թե «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին ուղղված ԱԱԾ ներկայացուցչի նամակը խոսքի ազատության դեմ քայլ ընկալվեց։

Սամվել Ադյանի հարցաքննության մասին

Այն հարցին, թե տեղեկություն կա, որ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) աշխատակից Սամվել Ադյանը սպառնալիքների ներքո է հարցաքննվել, ԱԱԾ քննիչները կոմպրոմատներ են կիրառել, մասնավորապես, Սամվել Ադյանի մոր հետ կապված, ինքն արդյո՞ք տեղեկություն ունի դրանից, Արթուր Վանեցյանը հորդորեց դիմել Դատախազությանն ու հետևել համապատասխան ընթացակարգին՝ հավելելով, որ այն հայտարարությունները, որոնք արվում են քրեական գործի վերաբերյալ, ակնհայտ փորձում են ուղղորդել։

Նա նշեց, որ գոյություն ունեն առնվազն երկու կառույցներ՝ Դատախազությունն ու ՀՔԾ-ն, ուր այդ մարդիկ կարող են հաղորդում տալ հանցագործության մասին, ուր կսկսվի համապատասխան գործընթաց։

«Բայց այդ մարդիկ հաղորդում չեն ներկայացնում հանցագործության մասին, որովհետև երբ գնում են ու հաղորդում ներկայացնում, նրանց զգուշացվում է, որ կեղծ մատնության համար դուք կենթարկվեք պատասխանատվության»,- ասաց Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը չհամաձայնեց նաև այն կարծիքին, որ շտապել է Դավիթ Սանասարյանի հարցում, որ դա ներիշխանական խմորումների արդյունք է՝ ասելով.

«Այսինքն՝ ԱԱԾ-ն ՊՎԾ-ի հետ ի՞նչ ունի»։

Դիտարկմանը, թե ՊՎԾ-ն միակ կառույցն էր, որ կարող էր ԱԱԾ-ին ստուգել, Արթուր Վանեցյանն ասաց.

«Դա ձեզ միայն թվում է, թե ՊՎԾ-ն միակ կառույցն է։ Ընդհակառակը, ՊՎԾ-ն կարող է ստուգել մեր ֆինանսաբյուջետային մասը. Ուրիշ ոչ մի մաս ստուգելու լիազորություն ՊՎԾ-ն չունի։ Մեզ ստուգելու լիազորություն ունի Գլխավոր դատախազությունը, կարող է գործ հարուցվել նաև Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ)»։

Հարցին, թե ինչու, ի տարբերություն մյուս կառույցների, ԱԱԾ-ում կոռուպցիոն դեպքեր չբացահայտվեցին, Արթուր Վանեցյանն ասաց. «Դուք վստա՞հ եք, որ չեն բացահայտվել»՝ հավելելով, որ պարզապես նպատակահարմար չի գտնվել, որ հանրությունը դրանց մասին իմանա։

Զեյնալյանի հայտարարության մասին

Լրագրողներից մեկի այն դիտարկմանն էլ, թե արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ քրեակատարողական հիմնարկի հետ կապված տեսանյութի մասով կասկածի տակ դրեց ԱԱԾ գործողությունները, ԱԱԾ տնօրենն ասաց.

«Թող բոլորը կասկածի տակ դնեն, ի՞նչ ասեմ… Թող դնեն, մենք մեր աշխատանքն անում ենք։ Ազգային անվտանգության ծառայությունն իր աշխատանքն անում է շատ մաքուր, շատ թափանցիկ, օրենքի բոլոր կետերի պահպանմամբ։ Եթե կլինի մի դեպք, երբ ՀՀ ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե օրենքի առջև, թե հասարակության առջև, բոլորի առջև։ Հորդորում եմ բոլորին՝ չփորձել ԱԱԾ-ի շուրջ արհեստական աղմուկ սարքել։

Ազգային անվտանգության ծառայությունն այս կարճ ժամանակահատվածում ձեռք է բերել շատ մեծ հեղինակություն հասարակության շրջանում, և որևէ մեկն իրավունք չունի ԱԱԾ-ի հետ խոսել շանտաժի լեզվով կամ փորձել վախեցնել, որպեսզի մենք մեր գործառույթները չկարողանանք իրականացնել։

Եթե կա մարդ, անկախ նրանից, այդ մարդը զբաղեցնում է պաշտոն, հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ, ղեկավար և այլն, նույն կերպով այդ մարդը պատասխան է տալու օրենքի առջև։ Եթե օրենք խախտած չի անձը, անկախ նրանից, նա կլինի մեր համախոհը, թե մեր «թշնամին», իրեն մենք որևէ կերպ չենք կարող ենթարկել պատասխանատվության կամ հետապնդել։ Այ, որ օրը կլինի նման դեպք, ես այդ օրը ոչ կաշխատեմ ԱԱԾ-ում, ոչ կկարողանամ հասարակության և քաղաքացիների աչքերին պարզ նայել։ Իսկ ես այսօր դուրս եմ գալիս փողոց ամեն օր և շփվում եմ հազարավոր քաղաքացիների հետ, տեսնում եմ մարդկանց վերաբերմունքը և հորդորում եմ արհեստական աղմուկ չսարքել ԱԱԾ-ի շուրջ»։

Սանասարյանի գործի մասին

Այն հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Դավիթ Սանասարյանի մեղադրանքը չհաստատվելու դեպքում հրաժարական տալ և հեռանալ, ԱԱԾ տնօրենը պատասխանեց.

«Իսկ ինչո՞վ է տարբերվում Դավիթ Սանասարյանը ՀՀ այլ քաղաքացիներից։ Դուք պատկերացնո՞մ եք, թե ինչքան մարդու է մեղադրանք առաջադրվում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որը հետագայում՝ նախաքննության ընթացքում, չի հաստատվում։ Այ, եթե կապացուցվի, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ գործի շրջանակներում թույլ են տրվել կեղծիքներ, ապօրինություններ և այլն, այդ դեպքում ով թույլ է տվել այդ կեղծիքները, պատասխան կտա օրենքի առջև, իսկ ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, որի լիազորությունների մեջ է մտնում վերահսկել այդ մարդկանց աշխատանքն ու կազմակերպել, այդ ժամանակ ես պատասխան կտամ»։

«Ես հանդիսանում եմ ԱԱԾ տնօրենը, ԱԱԾ-ն իրականացնում է հետաքննություն։ Քննչական մարմինը, քննիչը պաշտոնական հանձնարարություն է տալիս օպերատիվ մարմնին այս կամ այն տեղեկատվությունը ստուգելու, և այլն… Ելնելով դրանից՝ ես՝ որպես հետաքննության մարմնի ղեկավար, ամբողջությամբ և լիարժեք տիրապետում եմ գործի մանրամասներին, ես չեմ կարող չտիրապետել։

Այն հարցին, թե հրապարակում եղավ, որ կա տեսանյութ, որտեղ Դավիթ Սանասարյանը կաշառք է վերցնում, կա՞ արդյոք այդպիսի տեսանյութ գործում, որովհետև իրավապաշտպանները նշում են, որ ցուցմունքների և առերեսումների հիման վրա հնարավոր չէ մարդուն մեղադրանք ներկայացնել, ԱԱԾ տնօրենը հայտարարեց.

«Ես կարծում եմ, որ անդամահատության կարիք չի լինելու…»։

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութի մեջ։

168.am