Որքա՞ն պետք է նստեն նախկին ղեկավարները

Հայաստանն առաջին երկիրը չի, որտեղ նախկին ղեկավարները դատվում են կամ, այսպես ասած, մոտ են դատվելուն: Նման «դեպքեր» պատահել են Բերլուսկոնիի, Սարկոզիի հետ Եվրոպայում, ինչպես նաեւ Հարավային Կորեայի, Իսրայելի, Լատինական Ամերիկայի մի շարք ղեկավարների հետ: Բոլորը հավասար են օրենքի առաջ՝ դա հենց ժողովրդավարական կամ ժողովրդավարություն կառուցող երկրների կարեւորագույն սկզբունքն է: Պատահել է, որ «դատվողները» եւ նրանց կողմնակիցներն ասել են, որ դա քաղաքական հաշվեհարդար է, որը «ներկաներն» իրականացնում են «նախկինների» հանդեպ, բայց այդ երկրների հասարակությանը նման փաստարկները, որպես կանոն, չէին համոզում: Քաղաքացիների մեծամասնությունը այդ «նախորդների» նկատմամբ առանձնապես ջերմ զգացմունքներ չի տածում, իսկ երբեմն ավելին՝ ամբողջ հոգով-սրտով ուզում է, որ նախկին ղեկավարները պատժվեն: Հայաստանում, կարծում եմ, հենց այդ դեպքն է: Իհարկե, կան բիզնեսմեններ եւ պաշտոնյաներ, որոնք հարստացել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, եւ դրա համար նրանք շնորհակալ են: Սակայն Հիտլերի ժամանակ էլ են որոշ գործարարներ ծաղկել, եւ դա ստվերում է այն փաստը, որ այդ տարիներին միլիոնավոր մարդիկ այրվել են գազային խցիկներում: Այնպես որ մարդկանց մի մասին «երջանկացնելը» դեռեւս չի խոսում նախկին ղեկավարի անմեղության մասին: Ուրիշ հարց, որ Հայաստանի նախկին ղեկավարի հարցում կայացվելիք դատավճիռը պետք է համոզիչ լինի թե՛ նրան սիրող փոքրամասնության, թե՛ նրան չսիրող մեծամասնության եւ թե՛ միջազգային հանրության, այդ թվում Քոչարյանին, կարծես թե, համակրող ռուսաստանյան որոշ ազդեցիկ շրջանակների համար: Այստեղ ես առայժմ խնդիրներ տեսնում եմ: Ինձ թվում է, երկրորդ նախագահը բառիս ուղիղ իմաստով կաշառք չի վերցրել ո՛չ Սիլվա Համբարձումյանից, ո՛չ էլ ուրիշ որեւէ մեկից, բայց սկզբից Արցախում, իսկ այնուհետեւ Հայաստանում օգտագործել է իր իշխանական լծակները՝ սեփական հարստությունը դիզելու համար: Քոչարյանը պատասխանատու է «մարտի 1-ի» զոհերի համար, բայց արդյո՞ք դա «սահմանադրական կարգի տապալում» էր: Մի խոսքով, նրա մեղքն ապացուցելու համար ՀՔԾ-ն պետք է մի քիչ ավելի շատ «տանջվեր», ինչն, իմ տպավորությամբ, չի արել: Թե ինչպիսին կլինի Քոչարյանի գործով դատավճիռը, ոչ ոք, կարծում եմ, չի կասկածում` նա ազատազրկվելու է երկար տարիներով եւ այնպես չի, որ նա արժանի չէ նման պատժի: Բայց այստեղ կա մի նուրբ խնդիր, որը ես փորձեմ բարձրաձայնել՝ իմանալով հանդերձ, որ Քոչարյանի հանդեպ բացասական հույզերով տոգորված հայաստանցիների մեծամասնությունն իմ հետ համաձայն չի լինելու: Պետության առաջին դեմքին երկար ժամանակ բանտում պահելը վարկաբեկիչ է այդ պետության համար, նաեւ լեզու է դնում հակառակորդների բերանը՝ «ուրեմն ձեզ 10 տարի հանցագո՞րծ էր ղեկավարում»: Այդ է պատճառը, որ Սարկոզիի դեպքում գործը դատին չհասավ, Բերլուսկոնին շատ թեթեւ պատիժ կրեց, իսկ աշխարհում՝ Հարավային Կորեայում, Իսրայելում, Լատինական Ամերիկայում շատ նախկին ղեկավարներ ազատազրկվելուց հետո մի քանի տարի անց ներում էին ստացել: Վերջին տարբերակն այս պահիս Հայաստանի համար արտառոց է թվում` հույզերը շատ են: Բայց ո՞վ գիտի, թե ինչ է լինելու 2-3 տարի հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am