Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքի քննությունը. Քոչարյանը չի հիշում, որ պարգեւատրել է բողոքը քննող դատավորին

ՀՀ Վերաքննիչը քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացված բողոքը:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, քննելով Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, մարտի 15-ին նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Դատարանի այս որոշման դեմ բողոք են ներկայացրել նաեւ մեղադրող դատախազները:

Նշենք, որ դատարանը գտել էր, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված առանձնապես խոշոր չափերի կաշառքի դրվագում հիմնավոր կասկածը բացակայում է: Դատախազությունը հենց այս հիմքով է բողոքարկել դատարանի որոշումը:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը եւս մասնակցում է նիստին: Նշենք, որ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի կենսագրությունում նշված է, որ նա 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգեւատրվել է «Մխիթար Գոշի» մեդալով: Մեր հարցին, թե արդյոք սա կարող է ինքնաբացարկի հիմք հանդիսանալ, Ալումյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով.

«Ես էլ լսել եմ, որ նա պարգեւատրված է եղել պարոն Քոչարյանի կողմից, պարոն Քոչարյանը այդպիսի բան չհիշեց: Հաստատ գիտեմ, որ նա Ամերիկյան դեսպանատան կողմից էլ է պարգեւատրված եղել, եթե այս ամեն ինչը իրար հետ գումարենք՝ կստացվի, որ երեւի լավ դատավոր է: Եթե Ամերիկյան դեսպանատունն էլ իր հերթին է համարել, որ լավ դատավոր է, պարոն Քոչարյանն էլ՝ իր հերթին, միգուցե էլի ուրիշ պարգեւներ էլ ունի՞, դա մեզ միայն ուրախացնում է եւ ինքնաբացարկի հիմք հանդիսանալ չի կարող»,- ասաց Ալումյանը:

Մեր հարցին՝ մինչ բողոքի քննության անցնելը միջնորդություններ ներկայացնելո՞ւ եք, Ալումյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ նախ փորձելու են հասկանալ, թե ինչ եղանակով է բողոքը մակագրվել դատավոր Ռուզաննա Բարսեղյանին: Բացի դա պաշտպանական կողմը միջնորդել է առանց քննության թողնել դատախազության բողոքը. «Մենք միջնորդել ենք, որպեսզի  դատախազների վերաքննիչ բողոքը թողնվի առանց քննության, որովհետեւ օրենքով նախատեսված չէ, որ դատախազները կարող են դատարանի որոշման պատճառաբանական մասը բողոքարկել»,- եզրափակեց Ալումյանը:

Աղբյուրը` http://www.armtimes.com/hy/article/158228