Լուրերը, թե Գեղամ Գևորգյանը նախարարության կարիքների համար թունանյութերի ձեռք բերման գործընթացում «հակամրցակցային» իրավիճակ է ստեղծել, իրական չեն. նախարարության պարզաբանումը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ մամուլում տեղ գտած  հրապարակումներն այն մասին, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը նախարարության կարիքների համար թունանյութերի  ձեռք բերման գործընթացում «հակամրցակցային» իրավիճակ է ստեղծել և հովանավորում է  «Հրաշք այգի» կազմակերպությանը, իրականության հետ որևէ աղերս չունեն։

Այս մասին նշված է նախարարության պարզաբանման մեջ:

«Մրցութային գործընթացը մեկնարկել է մինչ Գեղամ Գևորգյանի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում  նշանակումը, ուստի նա որևէ կերպ  չէր կարող միջամտել վերոնշյալ գործընթացին։

Բացի այդ հայտում ենք, որ մկնասպան թունանյութերի ձեռքբերման համար հիմք է հանդիսացել 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1054-Ա որոշումը, որով թույլատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ձեռք բերել մկնասպան թունանյութեր։ Առաջին մրցույթը հայտարարվել է 2018 թվականի հոկտեմբերի 15-ին, որի բացումը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 22-ին։ Նշված մրցույթը իրականացվել է էլեկտրոնային «ARMEPS» համակարգի միջոցով, գնանշման հարցման ձևով, որի տևողությունը կազմել է շուրջ 30 օր։

Մատակարարման պայմանագիրը կնքվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Հրաշք Այգի» ՍՊԸ-ի հետ և կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2018 թվականի դեկտեմբերի 12-ը։ Սակայն վերջինս 2018 թվականի նոյեմբերի 30-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՀՀ գյուղատնտեսության նախարարության` կողմերի միջև 2018 թվականի նոյեմբերի 19-ին կնքված «Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման թիվ ՀՀ ԳՆ-ԳՀԱՊՁԲ-18/37-ԲԲՊՎ-56 պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին»։ Գործը ներկայումս գտնվում է դատաքննության փուլում։ Այսինքն, պետության կողմից մկնասպան թունանյութերի փաստացի ձեռքբերում տեղի չի ունեցել և պետության կողմից այդ նպատակով որևէ վճարում չի իրականացվել։

2019 թվականին մկնասպան թունանյութերի ձեռքբերման նպատակով իրականացվել է նոր մրցույթ.

2019 թվականի փետրվարի 28-ին էլեկտրոնային գնումների «ARMEPS» համակարգի միջոցով հայտարարվել է մրցույթ, որի բացումը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 11-ին։ Ստորև ներկայավում են մրցույթի արդյունքները.

Այսինքն, մրցույթում հաղթող է ճանաչվել «ԱԷՍ ԹՐԵՅԴ» ՍՊԸ-ն՝ մեկ միավորի համար առաջարկելով 5769.91 դրամ։ Հարկ է նշել, որ մրցույթներն իրականացվել են էլեկտրոնային համակարգի միջոցով և ընդհուպ մինչև հայտերի բացման օրը հնարավոր չէ տեսնել  թե՛ մասնակիցների հայտերը և թե՛ առաջարկված գները։

Ի հավելումն նշենք, որ 2017 թվականին նույն թունանյութը ձեռք է բերվել 1 կգ-ը՝ 8200 ՀՀ դրամով»։