Օպերային թատրոնի նոր տնօրեն չի նշանակվի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր վաղ առավոտից Կառավարության շենքի առջև Օպերային թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում մշակույթի փոխնախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի՝ թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից հեռացնելու որոշման դեմ:

Բողոքի ակցիային ներկա էին ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանը և Աննա Կոստանյանը:

«Դեպքեր կան, երբ օրենքները կարելի է փոխել։ Օրենքները երկաթի վրա դաջված չեն, ենթակա են փոփոխման, պետք է հասկանալ, թե ինչու է այդպես եղել, և եթե հիմա կա օրենքը փոխելու պահանջ, ուրեմն պետք է օրենքը փոխել։ Օրենքները, ի վերջո, կոչված են ծառայելու ժողովրդին, հանրությանը, և հիմա եթե պետք է օրենքը փոխվի, որ պարոն Օրբելյանը կարողանա պաշտոնավարել, կարծում եմ՝ կարելի է դրան գնալ»,– ասաց Գևորգ Գորգիսյանը՝ հավելելով, որ ԱԺ-ում փոխնախարարի հետ քննարկում կլինի:

Այդ ընթացքում Օպերային թատրոնի աշխատակիցներից 7-8 հոգի գնացել էր ՀՀ վարչապետի հետ հանդիպման:

Հանդիպման ավարտից հետո նրանք հայտնեցին, որ վարչապետը փորձելու է գալ և դիտել «Կախարդական սրինգը» ներկայացումը:

«Այսօրվա հանդիպումն էլ գոհացնում է մեզ: Միակ թեման փաստարկներն էին, հանդիպմանը ներկա չէր Նազենի Ղարիբյանը: Տնօրենի պարտականությունը ժամանակավոր կկատարի փոխտնօրենը: Պայմանավորվեցինք, որ ներկայացնենք մեր հակափաստարկները: Մենք ներկայացրել ենք նաև այն, թե ինչ փոփոխություններ են եղել Կ. Օրբելյանի՝ տնօրեն նշանակվելուց հետո: Ընդգծեցինք, որ մեր պրեմիերաները, նոր ներկայացումները միշտ լեփ-լեցուն դահլիճ են ապահովել»,- ասացին նրանք:

Հիշեցնենք, որ Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատել են մարտի 28-ին:

Անի Կարապետյան

Աղբյուրը` https://168.am/2019/04/01/1102730.html