Հետևանքը Մեղրին չէ․ Մեղրին շղթա է, իսկ հետևանքը կարող է լինել ապագան

Հայաստանի զինված ուժերի Մեղրու գնդում տեղի ունեցած և արդեն բավականին հայտնի ու աղմկոտ միջադեպը արտացոլում է ոչ միայն զինված ուժերում, և գուցե ոչ այնքան զինված ուժերում, որքան հայաստանյան հանրությունում լայնորեն առկա խորքային արատներից մեկը՝ քրեական բարքերն ու դրանց հանդեպ որոշակի հակվածությունը հանրային, և առավել ևս երիտասարդ մի շարք շերտերի մոտ: Դրանք տեղափոխվում են բանակ, սակայն ոչ միայն: Մենք դա նկատում ենք բանակում, գուցե կառուցվածքային և կանոնադրական առանձնահատկությունից, գուցե հանրության համար զգայունությունից ելնելով, սակայն փոքր-ինչ ուշադիր լինելու պարագայում մենք դա էլ ավելի մեծ ծավալով կտեսնենք կրթական հաստատություններում, բուհերում և անգամ դպրոցներում:

Քրեական մշակույթը մեր կյանքում տարածված է շատ: Դա չի նշանակում, որ կազմում է մեր հանրային կյանքի, համակեցության մեծ մասը, սակայն զբաղեցնում է շատ մաս, անթույլատրելի շատ մաս:

Որտեղից է գալիս այդ ամենը, որն է արմատը, սա բավականին լայն և ծավալուն խոսակցության նյութ է: Անկասկած է, որ գալիս է ոչ անկախության շրջանից: Քրեական բարքերի և մշակույթի հանրային տարածվածությունն ու, այսպես ասած, նպաստավոր օջախները առատորեն ձևավորվել են դեռևս խորհրդային տարիներից, ելնելով իրողություններից բխող մի շարք հանգամանքներից: Ընդ որում, ձևավորվելուց բացի, դրանք նաև լեգիտիմացել են տարիների ընթացքում, դարձյալ պայմանավորված խորհրդային իրողություններով: Էլ ավելին՝ խորհրդային իշխանության համար այդ բարքերը եղել են հանրությանը կառավարելու մեխանիզմներից մեկը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խորհրդային կարգը աստիճանաբար զրկվել է հանրային լեգիտիմությունից, և ըստ այդմ, ավելի ու ավելի է մեծ եղել այլևայլ լեգիտիմ մեխանիզմների անհրաժեշտությունը հանրությանը կառավարելու համար: Նպատակն արդարացրել է միջոցը:
Խոշոր հաշվով, նույն տրամաբանությունն է շարունակվել նաև անկախ Հայաստանում, որոշ կարճ ժամանակաշրջանի դադարից հետո: Քրեական բարքերը, տարրերն ու մշակույթը անխուսափելի պահանջարկ վայելեցին, երբ Հայաստանում դրվեց իշխանության ամեն գնով վերաարտադրվելու խնդիր, հետագայում արդեն վերարտադրության մեխանիզմի «կատարելագործման» տրամաբանությամբ: Ընդ որում, վերարտադրությունից բացի, քրեական բարքերը սկսեցին դառնալ ընդհուպ իշխանական փոխհարաբերությունների նորմ: Բանը հասավ նույնիսկ այնտեղ, որ ձևավորվեց դրա քողարկված քարոզչություն, տարբեր հեռուստասերիալների, տարբեր տեղեկատվական խողովակների միջոցով: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանում նախորդ իշխող համակարգում այդ ամենը գտնվում էր կենտրոնացված ու համակարգված վերահսկողության ներքո, հիմք կա եզրակացնելու, որ իրականացվում էր նպատակային քաղաքականություն, կամ առնվազն լռելյայն համաձայնություն և փոխզիջում այդ տարրերի հետ:

Այն, ինչ տեղի է ունեցել Մեղրու գնդում, առնվազն տասնամյակների շղթայի օղակ է: Որտե՞ղ է ընդհատվելու շղթան: Սա է գլխավոր հարցը: Այն կարող է, և թերևս պետք է դառնա թավշյա հեղափոխության գլխավոր հարցերից մեկը: Այս ընթացքում անշուշտ հնչել են բազմաթիվ ելույթներ և ազդակներ, որ քրեական բարքերը այլևս անցյալում են, սակայն ակնառու է, որ այստեղ իրականում խոսքը առայժմ գործնականորեն կարող է վերաբերել առավելապես պետական կառույցներին և մասնակիորեն քաղաքականությանը: Մասնակիորեն, քանի որ այսօր քաղաքական դաշտում, և առավել ևս խորհրդարանում կան ուժեր, որոնց շարքում առկա են մեղմ ասած՝ քրեական պատմությունների առնչվող անձինք: Ըստ այդմ, դա էլ ինքնին հուշում է, որ հանրային համակեցությունը քրեական տարրի շոշափելի ներգրավվածությունից ձերբազատելը հրատապ և լուրջ խնդիր է, որը պահանջում է սկզբունքային և կոշտ գործողություն և հակազդեցություն իշխանությունից: Միաժամանակ, իհարկե, հանրությունից, սակայն այստեղ իրավիճակն այնպիսին է, որ հանրային դաշտում ավելի շատ պետք է երևա իշխանության կոշտ քաղաքականության արձագանքը: Իսկ այդ քաղաքականությունը, օրինակ, հնարավոր է սկսել օրենսդրական դաշտում, սահմանելով քրեական որևէ վարք ու բարքի համար նախատեսված խստագույն պատիժներ: Սա լոկ անցանկալի հետևանքներ չունենալու հարց չէ, սա զարգացում ունենալու հարց է: Չի կարող զարգացում ունենալ հանրությունը, որն իր համակեցության տիրույթում ունի այդ աստիճան տարածված «քրեամետություն», դրա բազմաթիվ դրսևորումներով՝ աղաղակող բացահայտից մինչև լատենտի «50 երանգներ»:

Աղբյուրը` https://www.1in.am/2530616.html