Ոստիկանությունն այդ մասով հաղորդում է տարածել, և ես հրավիրել եմ իրեն, զրուցել եմ հետը, կարծեմ՝ ֆեյսբուքում տարածել էր, որ ոստիկանապետից սպառնալիք չի ստացել, որևէ մեկն իրեն չի սպառնացել. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` անդրադառնալով politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի այն հայտարարությանը, թե ոստիկանապետը սպառնացել է իրեն:
«Խնդիրն այն էր, որ կային ֆեյսբուքյան օգտատերեր, որոնք Բորիս Մուրազիի հոդվածների տակ մեկնաբանություններ էին գրում, բայց, անկեղծ ասած, այդ օգտատերերի գրածների մեջ էլ չկային կյանքին, առողջությանն ուղղված սպառնալիքներ: Թեպետ դրանք չկային էլ` ես հանձնարել եմ և ճտշումներ են տեղի ունենում»,- ասաց ոստիկանապետը:
Հարցին՝ ինչո՞ւ է զանգահարել նրան, եթե դրա համար կա մամուլի ծառայություն, Օսիպյանն ասաց, որ ինքը շատ լրագրողների է զանգում, լրագրողներն էլ իրեն են զանգում: «Միգուցե դուք էլ ինչ-որ հոդված տեղադրեք, ես ձեզ զանգահարեմ, ասեմ, որ իրականությանը չի համապատասխանում, ինչո՞ւ եք հրապարակել: Ես ընդամենը հարցրել եմ՝ որևէ սպառնալիք չի՞ եղել»,- ասաց Օսիպյանը և հավելեց, որ լրագրողները չճշտված տեղեկություններ չտարածեն, որովհետև նմանատիպ տեղեկությունները խանգարում են ոստիկանությանը:
Հիշեցնենք, որ Մուրազին գրել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, զանգահարել է ոստիկանապետին: Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց, որ իրեն Նարեկ Սարգսյանը երբևէ չի զանգահարել: «Ես պաշտոնապես հայտարարում եմ` Նարեկ Սարգսյանը, կամ որևէ մեկն ինձ չի զանգել, եթե դա ապացուցվի, ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից»,- եզրափակեց նա:
Ամալյա Առաքելյան