Օրենք կա, թող գան, նայեն․ Զարթոնքի համայնքապետը՝ Քառօրյայի մասնակիցներին հատկացված գումարները յուրացնելու՝ բնակիչների մեղադրանքի մասին

20-30 մարդու համար հրաժարական չեմ տա, որովհետև ես ժողովրդի կողմից ընտրված եմ, մոտավորապես 900 հոգի է ինձ ընտրել, ես հետո նրանց աչքերի մեջ ինչպե՞ս նայեմ։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի «Զարթոնք» համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը՝ անդրադառնալով իր հրաժարականը պահանջող բնակիչների բողոքի ակցիային։

Զարթոնք համայնքի բնակիչները, հիշեցնենք, բողոքի ակցիա են անում համայնքապետարանի հարևանությամբ և պահանջում են համայնքապետի հրաժարականը։ Նրանք Պարույր Սարգսյանին մեղադրում են Քառօրյա պատերազմի մասնակիցներին հատկացված գումարները յուրացնելու համար։

Մեղադրանքին ի պատասխան՝ համայնքապետն ասաց. «Դրա համար օրենք կա, թող գան, ստուգեն։ Եթե ես չեմ տվել այդ գումարները, ուրեմն՝ պատասխան կտամ»։

Համայնքապետի խոսքով՝ բողոքի ցույց անողները չեն խոչընդոտել ո՛չ իր, ո՛չ համայնքապետարանի աշխատակիցների տեղաշարժը,  ո՛չ աշխատանքը․ «Ես այսօր ամբողջ օրն իրենց հետ եմ եղել, իմ հրաժարականը պահանջող մարդիկ նույնպես իմ ժողովուրդն են, իմ բարեկամները, ընկերներն ու հարազատներն են։ Ես նրանցից չեմ նեղանում։ Ակցիա են անում, թող անեն»։

Համայնքապետը նաև նշեց, որ իմ համախոհները ևս մասնակցել են ցույցին․ «Նրանք ցուցարարներից քիչ հեռու են կանգնել, շնորհքով նայել են։ Որևէ հանդիպում չի եղել այս խմբերի միջև»։

Աղբյուրը` https://www.tert.am/am/news/2019/03/11/Zartonk/2944871