«Թավշյա» կառավարիչները կրկնում են «ՀՀԿ»-ական կառավարիչներին. «Երկիր ծիրանի»

Առաջնորդվելով օրեցօր խորացող խնդիրներին ըստ իրավիճակի անձեռնասուն լուծում տալու հոգեբանությամբ` «Թավշյա» կառավարիչները կրկնում են «ՀՀԿ»-ական կառավարիչներին: Այս մասին ասվում է «Երկիր Ծիրանի» կուսակցության տարածած հայտարարությունում։

«Չունենալով տնտեսական քաղաքականության վերաբերյալ հայեցակարգ և երկրի զարգացման վերաբերյալ ռազմավարական ծրագիր, չունենալով առաջարkվող հարկային բեռի ավելացման վերաբերյալ սոցիալ-տնտեսական և ֆինանսական ազդեցության գնահատական, առաջնորդվելով օրեցօր խորացող խնդիրներին ըստ իրավիճակի անձեռնասուն լուծում տալու հոգեբանությամբ` «Թավշյա» կառավարիչները կրկնում են «ՀՀԿ»-ական կառավարիչներին:

Այսպես կոչված «հեղափոխական» իշխանության քայլերի դեմ չդադարող բողոքի գործողություններն այսօր ավելացան ևս մի քանիսով:

Կառավարության շենքի առջև իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները: Նրանց արդարացի բողոքն ուղղված է «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի դեմ, որով նաև սահմանվում են` գրավատների և փոխանակման կետերի համար բազմակի անգամ ավելացնել պետական տուրքը` համապատասխանաբար 100.000 դրամը դարձնելով 6 միլիոն, իսկ 50.000 դրամը` 3 միլիոն դրամ:

«Հեղափոխական» կառավարությունը հերթական անգամ հաշվի չի առնում օրենքի նախագծի ընդունման բացասական հետևանքները, ի մասնավորի` աշխատող և իրենց ընտանիքները պահող մարդկանց գործազուրկի կարգավիճակում հայտնվելը, մինչդեռ այդ օրինագծով հազարավոր մարդիկ կզրկվեն իրենց ապրուստի միջոցներից:

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները ևս մաս են կազմում այս շարժմանը և սատարում են գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցների արդար բողոքին:

Գազավորված ըմպելիք արտադրողները բողոքում էին հարկային բեռի, մասնավորապես` ակցիզային հարկի բարձրացման դեմ: Նրանք բարձրաձայնում էին, որ հարկային նման փոփոխության հետևանքով ազգային տնտեսության մրցունակություն և ներդրումային գրավչության չի կարող ապահովվել:

Նախապես, ամբողջությամբ չքննարկված, առանց անհրաժեշտ պատշաճ հիմնավորումների նման փոփոխություններն իրականացնելը ստեղծում է լրացուցիչ սոցիալական լարվածություն:

Կենսական պահանջ է խնդիրներին մոտենալ լրջությամբ և անհրաժեշտ մասնագիտական մոտեցմամբ: Միևնույն ժամանակ հաշվի առնել, որ այս գարնանը «թավիշը» նորաձև չէ»,– ասվում է հայտարարությունում:

Աղբյուրը` https://www.1in.am/2521972.html