Ինչից ենք վախենում, կոշտ պայմանների ժամանակն է

Նախապայմա՞ն է արդյոք Արցախը բանակցային կողմ դարձնելու մասին Հայաստանի նոր իշխանության հայտարարությունները, թե՞ ոչ: Վարչապետ Փաշինյանն այդ հայտարարություններն անում է իր պաշտոնավարման առաջին իսկ օրից, սակայն օրերս Իրան կատարած այցի ընթացքում նա հնչեցրել է շատ ավելի հստակ և պատասխանատու մի ուղերձ, որ չի կարող խոսք լինել բանակցության մասին, քանի դեռ բանակցային լիարժեք կողմ չէ Արցախի իշխանությունը: Ըստ այդմ էլ՝ առաջանում է հարցը, թե արդյո՞ք խոսքը նախապայմանի մասին է՝ հատկապես նկատի ունենալով այդ կապակցությամբ ԵՄ արտաքին հարցերի և հարևանության հանձնակատարների ոչ միարժեք մի քանի հայտարարություն: Դրանք թարգմանական թյուրիմացությա՞ն, ինչ-որ թյուրըմբռնմա՞ն, թե՞ այլ բանի արդյունք են, օրինակ՝ հենց նախապայման ընդունելու և այն մերժելու:

Այստեղ, սակայն, չդիտարկենք դա՝ նախապայմա՞ն է, թե՞ ոչ: Ի վերջո, բանակցությունը հենց պայմանների բանակցությունն է, կարգավորման գործընթացը հենց պայմանների գործընթացն է, և այստեղ ինքներս մեզ ենք խաբել տարիներ շարունակ՝ համարելով, թե բանակցությանը կոշտ պայմաններ չառաջադրելը ամրացնում է հայկական կողմի, այսպես ասած, կառուցողական իմիջը: Ի վերջո, այդ կառուցողական իմիջով հանդերձ՝ Բաքուն հայկական կողմին հասցնում էր անպատժելի հարվածներ մի քանի տարի շարունակ: Նկատի ունենք քաղաքական առումով անպատժելի հարվածներ, որովհետև հայկական զինուժը իր պատժիչ գործողություններն իրականացնում էր՝ Ադրբեջանի հարվածներին պատասխանելով շատ ավելի ուժգին կերպով:

Սակայն խնդիրն այն է, որ Բաքուն այդ ընթացքում հրադադարի խախտման տրամաչափերն ու ծավալները մեծացնում էր առանց իր համար միջազգային քաղաքական հետևանքի՝ հասցնելով մինչև անգամ ապրիլյան քառօրյա պատերազմի՝ պատերազմական հանցագործություններով հանդերձ, սակայն դարձյալ՝ առանց քաղաքական պատասխանատվության ու պատժի: Այլ կերպ ասած՝ Հայաստանի, այսպես ասած, «կառուցողականության» էֆեկտը եթե զրո չէր, ապա ակնհայտորեն մոտ էր զրոյին, ինչը առավել աղաղակող կերպով ակնառու էր 2013-16 թվականների ընթացքում:

Եվ ուրեմն, արդյո՞ք անցած տարիները հստակորեն ցույց չեն տվել, որ «կառուցողականության» ձգտումը բացարձակ իռացիոնալ է քաղաքական տեսանկյունից, և հայկական կողմը ոչ միայն չպետք է կարկամի, այսպես ասած, կարգավորման գործընթացում պայմաններ և նախապայմաններ առաջ քաշելուց, այլ հակառակը՝ պետք է հենց այդ առումով ստանձնի նախաձեռնությունը, և դա պետք է արած լիներ դեռևս ապրիլյան քառօրյայից անմիջապես հետո:

Հայաստանի պաշտպանողական ռազմավարությունը հանգեցրել է նրան, որ գործընթացում ստեղծվել է բացարձակապես ոչ հայանպաստ օրակարգ, և Հայաստանը նոր իրավիճակում կանգնած է երկընտրանքի առաջ՝ կա՛մ ստանձնել այդ ոչ հայանպաստ օրակարգի պատասխանատվությունը և ծանր ժառանգությունը, կա՛մ դուրս գալ դրա տակից և օգտագործել ընդհանուր հայանպաստ աշխարհաքաղաքական իրադրության և ռեգիոնալ մթնոլորտի ստեղծած հնարավորությունը: Հայաստանը սկսել է շարժվել երկրորդ ճանապարհով, և այդ շարժը պետք է շարունակել:

Աղբյուրը` https://www.1in.am/2520485.html