«Այս տեսքով չպետք է գնա ԱԺ». Հարկային օրենսգրքի նախագիծը փոթորկեց կառավարության անդամներին

Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը բավականին երկարատև ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների և հարակից նախագծերը: Ըստ այդմ՝ ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի շուրջ 0.8 տոկոսային կետով ավելի տնտեսական աճի:

Ընդ որում, թեև վերջինս տեղի է ունենում ներդրումների և արտահանման խթանման ճանապարհով, այդուհանդերձ բնակչության կենսամակարդակին առնչվող ցուցանիշները նույնպես բարելավվում են: Մաս­նավորապես, սպառման աճը գնահատվում է 0.3-0.4 տոկոսային կետի չափով, իսկ զբաղվածության աճը՝ շուրջ 0.5 տոկոսային կետի չափով:

Միաժամանակ, ըստ Ա.Ջանջուղազյանի, այս փոփոխությունների արդյունքում 13 մլրդ դրամի բաց է լինելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այսպիսի նախագծերն ընդհանրապես և տնտեսական պրոցեսները միայն տրամաբանության մեջ տեղավորելը սխալ է, կարևոր է այն փիլիսոփայությունը, որ դրվում է դրա տակ:

Նա նշեց մի քանի կետ՝ մինիբիզնեսի սահմանումն է, և նրան հարկերից ազատելը, որը մտնում է կառավարության աշխատանքի խրախուսման փիլիսոփայության մեջ, որ քաղաքացիներին ոչ միայն քաջալերեն աշխատանքի, այլև դրա հնարավորությունները ստեղծեն:

Ն. Փաշինյանը կարևորեց, որ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռներեցները և ընկերությունները կազատվեն հարկերից: Նա ընդգծեց ևս մի ուղղություն, որը քննարկումների առանցքում էր նաև Բրյուսել կատարած այցի ընթացքում, որ ֆինանսական միջոցները հասանելի դառնան, բացվեն վարկային ցածր տոկոսադրույքներով գծեր, և ԵՄ-ն աջակցություն է հայտնել:

Վարչապետը նշեց նաև փոփոխությունների ռիսկերը. «Նախկինում նման շրջանառության շեմեր են սահմանվել, ընկերությունները տրոհվել են, և շրջանառությունը թաքցվել է»:

Նա շեշտեց, որ սրա համար քաղաքացիների աջակցությունն է պետք, և հույս հայտնեց, որ չի լինի այն իրավիճակը, որ 150-200 մլն-անոց ընկերությունները տրոհվում են և դառնում մինիձեռնարկություններ.

«Այս առումով կարևոր է, որ քաղաքացիները ՀԴՄ-ի հարցում լինեն հետևողական: Այս պրոցեսում ամենակարևորը վստահությունն է»:

Ն. Փաշինյանը նշեց, որ պետք է փոխեն իրավիճակը, որպեսզի կառավարությունն ու քաղաքացիները միմյանց նկատմամբ անվստահությամբ չառաջնորդվեն: Ըստ նրա՝ այսօր կա վստահություն քաղաքական կյանքում, պետք է լինի վստահություն տնտեսական կյանքում.

«ՀԴՄ հարցում ՊԵԿ-ն ունի գործառույթներ, բայց ամենակարևոր գործառույթը քաղաքացիներինն է: Հույս ունեմ, որ հանրության արձագանքը կլինի պոզիտիվ»:

Վարչապետը կանխատեսեց, որ կլինեն բուռն քննարկումներ:

Եվ այդ բուռն քննարկումների սկիզբը դրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հայտարարեց, որ հիմա պետք է քվեարկեն մի նախագիծ, որն այսօր առավոտյան են ստացել, բայց դրանում փոփոխություններ են արվել, օրինակ՝ ծխախոտի ԱԱՀ-ն նախատեսվածից քիչ է ավելացվում, իսկ իրենք ներառված չեն եղել այդ քննարկումներում:

«Այս տեսքով չպետք է գնա ԱԺ»,- հայտարարեց Թորոսյանը:

Ն.Փաշինյանը վրդովվեց, թե ինչո՞ւ տեղյակ չեն եղել քննարկումներից, առնվազն 8 ամիս քննարկվում է նախագիծը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ հասկանալի է, որ բավականին բարդ փաստաթղթի հետ գործ ունեն, ու կարող է հարցեր լինեն, որ վերջին պահին ճշգրտվի. «Այս փաստաթուղթն e-draft-ում եղել է շատ երկար ժամանակ: Ավելի լավ է քննարկել՝ ինչն է խնդիրը»:

«Որ հ/կ-ն ասում ա՝ մեզ չեն ներգրավել քննարկումների մեջ, ես հասկանում եմ, որ նախարարն ա ասում՝ մեզ չեն ներառել քննարկումների մեջ, ես չեմ հասկանում»,- բարձր տոնով հայտարարեց Ն.Փաշինյանը:

Թորոսյանը նշեց, որ ինքն առավոտյան ժամը 5-ին է տուն գնացել:

Ն.Փաշինյանը նշեց, որ չգիտի գործողություն, որ բոլոր խնդիրները լուծում է. «Եկեք ծխախոտի արտադրությունն արգելենք: Ինչի՞ չեք առաջարկում արգելել ծխախոտի օգտագործումն ու արտադրությունը ՀՀ-ում»:

«Երկրներ կան, որ գնում են դրան»,- արձագանքեց Թորոսյանը:

Փաշինյանը պատասխանեց, որ միանգամից չի լինում: Նա կոչ արեց թեման չշարունակել հետագայում, որ քննարկումից տեղյակ չեն եղել:

«Իրան չի հետաքրքրում բյուջեի մուտքը, իրան հետաքրքրում ա՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի»,- վրդովված ասաց Ն. Փաշինյանն Ա. Թորոսյանի մասին:

«Ինձ էլ է հետաքրքրում, որ հարկային մուտքեր լինեն, որ մեր ոլորտին էլ հատկացումներ լինեն»,- պատասխանեց Թորոսյանը:

Ն.Փաշինյանը շեշտեց, որ դա քննարկման լավ շեշտադրում չի՝ «չեն ներառել քննարկումներում»:

«Ու տեսեք՝ ձեր ասածի արդյունքում մամուլում կես ժամում ինչ վերնագրեր կհայտնվեն»,- նախազգուշացրեց Փաշինյանը:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ ֆիսկալ առումով բավականին ծանր հետևանքներ ունեցող նախագիծ է: Նա նկատեց, թե յուրաքանչյուր հիվանդանոցում Կոկա-կոլա ու ծխախոտ է վաճառվում, բայց դրանք էլ վնաս են առողջությանը:

Թորոսյանը հակադարձեց, որ այդ վերահսկողությունն ԱՆ գործառույթը չէ, իսկ 2004 թվականից դրանց վաճառքն արգելված է նման վայրերում:

Ն.Փաշինյանը նշեց, որ այս նախագիծն անցած շաբաթ պետք է մտներ կառավարություն, իր բացակայության պատճառով է այս շաբաթ բերվել, և հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նախագծում այս շաբաթ որևէ բան փոխվում:

Գրիգորյանը կասկած հայտնեց, որ այս շաբաթ է փոփոխությունն արվել:

Վարչապետը հայտարարեց, որ գործադիրի ընդունելուց հետո էլ ՀՕ-ն շարունակում է մնալ նախագիծ, և Ատոմ Ջանջուղազյանին, Արսեն Թորոսյանին ու Մհեր Գրիգորյանին հրավիրեց իր մոտ՝ քննարկելու: Նրա կարծիքով՝ նույն ձևի, շատ ավելի բարդ քննարկում տեղի է ունենալու ԱԺ-ում: Նա հանձնարարեց իրականացնել նաև հանրային քննարկում:

«Հանկարծ տպավորություն չստեղծվի, որ մենք ուժային ձևով ուզում ենք լուծում տալ: Փոփոխությունների մեծ մասը եղել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, և քաղաքացիները քվեարկել են դրան: Դա պետք է ընդունվի, և վերջ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ մնացած հարցերը կարող են նորից քննարկել: