Մինչ Հանրապետության գլխավոր տոնածառի տեսքն ու արժեքը տևական ժամանակով բուռն քննարկումների առարկա դարձան, Factor.am-ը պարզեց, որ դեկտեմբերի 21-ին տոնածառի լույսերի վառման արարողությունը ևս քաղաքային բյուջեի համար մի կլորիկ գումար է արժեցել։ Երևանի քաղաքապետարանը 150 հազար դոլարանոց գլխավոր տոնածառի լույսերի միացման միջոցառումը կազմակերպելու համար վճարել է 24 միլիոն դրամ: Սա համարժեք է 49 հազար 300 ԱՄՆ դոլարի: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանին ուղղված գրավոր հարցումի պատասխանից: Ծառայությունները մատուցել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն: 24 մլն դրամը վճարվել է Երևանի 2018 թվականի բյուջեից, քանի որ ըստ քաղաքապետարանից փոխանցված տեղեկության, այս ծառայության համար 24 մլն դրամ հատկացնելը հաստատված է եղել դեռ նախորդ քաղաքային իշխանության կողմից:
Հետաքրքիր է, որ հետհեղափոխական իշխանությունը նախորդ ղեկավարության ճոխ ծախսերը կրճատելու քայլեր չի ձեռնարկել: Ի դեպ, Հայկ Մարությանը իր երդմնակալության օրը հայտարարել էր, որ հանձնարարել է կրճատել «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների բյուջեն: Սակայն այդպես էլ թվային տվյալներ չհրապարակվեցին, թե ինչ կրճատումների մասին է խոսքը:
Անդրադառնալով «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից մատուցված 24 մլն դրամի ծառայություններին՝ նշենք, որ արժեքի մեջ մտնում է հրավառությունը, շոու ծրագիրը, նկարահանումը, տեխնիկան և բեմի ձևավորումը: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ նման խոշոր գնում կատարելիս Երևանի քաղաքապետարանը մրցույթ չի հատարարել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: