Ինչո՞ւ են փակում Սփյուռքի նախարարությունը

Վահան Իշխանյանի գրառումը. Պատմության դոկտոր Արա Սանջեանը հանգամանալից բացատրում է Սփյուռքի նախարարության կարևորությունը, և որ անհիմն է այն վերացնելու պատճառաբանությունը, թե նախարարներն անհաջող են եղել։

Այս վերլուծությանը կուզեի հավելել, փնտրելով ան հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են փակում Սփյուռքի նախարարությունը.
Պատճառը ավելի խորն է, Հայաստանում 90֊ականներից ի վեր իշխանության են եկել լոկալ ազգայնականները, այսինքն նրանք ովքեր միայն Հայաստանի հանրապետություն պետության տարածքի քաղաքացիներին են ճանաչում ազգակից, և վանում են բոլոր այն հայերին, ովքեր հանրապետության քաղաքացի չեն կամ նրա սահմաններից դուրս են։ Նաև որպես ազատականներ, մերժում են հավաքականության կամ ավելի լայն հավաքականության գաղափրը։

Որպես հրապարակային ասված օրինակ, բերեմ Տեր֊Պետրոսյանի խոսքերից՝ որ սփյուռքահայերին ասում էր նարինջ ուտողներ, և հեգնական արտահայտվում՝ բուրջհամուդյան քաղաքականություն։ Թե ինչո՞ւ 2008֊ին ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, այս պահին դժվարանում եմ ասել, բայց հստակ է մի բան, որ հեղափոխությամբ եկած նոր իշխանությունները ՀՀՇ֊Տեր֊Պետրոսյան քաղաքականության ժառանգորդներ են, և ուրեմն, լոկալ ազգայնականներ։ Ուսումնասիրեք «Իմ քայլ»-ի ցուցակը, և կհայտնբերվեն և ՀՀՇ֊ի ուղղակի անդամներ, և Տեր֊Պետրոսյանի ուղղակի աջակիցներ, և ՀՀՇ֊ի անդամների ու Տեր֊Պետրոսյանի աջակիցների սերունդներ։

Որպես հավելում. աշխարհի բազմաթիվ երկրներում կան արևմտահայերենով դպրոցներ, իսկ Հայաստանը այն երկրներից է ուր ոչ մի արևմտահայերենով դպրոց չկա։ Ինչպես նկատեց սփյուռքահայ բարեկամս, սփյուռքահայը Հայաստան գալով ձուլվում է ու դառնում արևելահայերենախոս։ Սա էլ մի ցուցանիշ է, որ լոկալ ազգայնականութունն է իշխում, որի լեզուն գրական արևելահայերենն է, և ուր արևմտահայերեն խոսողը իրեն հարմարավետ չի զգում։