Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին, դիմելով Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին, հիշեցրեց, որ գաղափար կար կերպարվեստի գլուխգործցների հայտնի նմուշներ դպրոցներում ցուցադրելու, ի՞նչ փուլում է ծրագիրը:
Մակունցը նշեց, որ կտավն ընտրվել է և Կրթության նախարարի հետ օրը կընտրեն:
Իսկ թե ինչ կտավ է, նախարարները նախընտրեցին գաղտնի պահել: «Պատկերասրահի ամենաթանկ նկարներից մեկն է»,-ասաց Մակունցը:
Բացի այդ, Մակունցը նշեց, որ Կրթության և արվեստի բնագավառում բավական ծրագրեր են իրակացնում: Ըստ նրա՝ «Քո արվեստը» ծրագրի շրջանակներում գրողները, նկարիչները գնում են դպրոցներ, ներկայացնում արվեստի մասին դասախոսություններ, նաև իրենց արվեստը ցուցադրում: Դրա համար բյուջեից հատկացվել է 50 մլ դրամ, իսկ «Դաս Ա» ծրագրի համար հատկացվել է 32 մլն:
ԿԳՆ պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նշեց, որ «Դաս Ա» ծրագիրը երաժշտության բնագավառից է, պիլոտային ծրագիր է, իրակացվում է, երբ յուրաքանչյուր համերգից առաջ սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան գլխավորությամբ մի խումբ ներկայանում է ավագ դպրոցներ, տվյալ համերգի թեմայի, նաև հեղինակների վերաբերյալ դասախոսություն է ներկայացնում, որն աշակերտների համար ավելի հետաքրքիր է դարձնում սպասվելիք համերգը:
Հարցին անդրադաձավ նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նշեց, որ թեև ԶՈւ-ում լայնածավալ աշխատանք է իրականացվում անձնակազմի հետ տարվող ծրագրի շրջանակներում, բայց ինքը կխնդրեր, որ մշակույթի նախարարությունը նմանատիպ այցելություններ նաև զորամասեր կազմակերպի:
«Ընդհանրապես եթե ՊՆ-ն դեմ չէ, դա առաձին ծրագիր է, որովհետև սովորաբար ՀՀ-ում եղել են ժամանակներ, երբ եղել է ընկալում, որ ջութակը մարդու մարտունակությունը ցածրացնում է, և ոչ թե բարձրացնում, մենք, իհարկե, հակառակ կարծիքին ենք: Կարծում եմ՝ արվեստը կարևոր է նաև մարտունակության բարձրացման առումով: Կարող ենք նոր ծրագիր մշակել, մանավանդ որ արձագանքները դրական են: ԶՈՒ-ի դեպքում ռեպերտուարի ընտրությունն էլ կարելի է փոփոխել, դհոլի կոմպոնենտն ավելի շատ լինի»,- ասաց վարչապետը:
ՊՆ նախարարն ասաց, որ դա կատարվում է իրենց կողմից, բայց աշխատում են ոչ մեծ ծրագրի շրջանակներում:ա
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Դավիթ Տոնոյանի առաջարկին լրացրեց, որ մշակույթը պետք է կալանվայրեր տանել: «Իհարկե, ամբողջ ծավալով հնարավոր չէ, բայց դրական ազդեցություն կունենա»,-ասաց նա:
Աղբյուրը՝ tert.am