Դեկտեմբերի 6-ի կառավարության նիստում հաստատվեց այն որոշումը, որով աջ ղեկով ավտոմեքենաները Հայաստան կարող են ներկրվել մինչեւ 2019թ-ի մարտի 1-ը։
Նախագծի համաձայն` ավտոմեքենա ներմուծողը առավելագույնը մինչեւ 6-ամսյա ժամկետում պարտավոր է աջակողմյան ղեկային համակարգը փոխարինել ձախակողմյանով։ Դրանից հետո միայն նա մաքսազերծելու, ՀՀ ոստիկանությունում հաշվառելու եւ շահագործելու հնարավորություն կստանա:
Իսկ ահա 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ բոլոր երկրների համար արգելք է գործում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման համար։ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն`մինչեւ 2020 թվականը ԵԱՏՄ բոլոր երկրներում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը պետք է արգելվի:
Սակայն այս որոշումը ամենեւին էլ աջ ղեկով մեքենա ներկրողների «սրտով» չէ: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները պատրաստվում են վերսկսել բողոքի ցույցերը, եթե Հայաստանի իշխանությունը բոլորի համար ընդունելի որոշում չկայացնի։
Այս նախաձեռնության ավելի քան 100 անդամները կտրականապես դեմ են ՀՀ կառավարության` դեկտեմբերի 6–ին ընդունած որոշմանը: Նրանք մեքենաների ղեկը փոխելն անհեթեթություն են համարում, որովհետեւ դրանից հետո այդ մեքենաները վտանգավոր են դառնում՝ իրենց խոսքով:
Նախաձեռնության ներկայացուցիչները նշում են, որ եթե իշխանությունը չվերանայի որոշումը, իրենք նորից բողոքի ակցիա կանցկացնեն ու կփակեն «Բագրատաշեն» անցակետը:
«Կոնսենսուս կարող էր լինել հենց այս տարբերակի պարագայում` ներկրել եւ մեքենայի ղեկը տեղափոխելու, բայց ինչպես տեսնում եք՝ չեղավ»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:
– Պարոն Փամբուխչյան, տեղյա՞կ եք, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դարձյալ բողոքի ակցիաներ են պատրաստվում իրականացնել:
– Այո:
– Ստացվում է, որ կառավարության դեկտեմբերի 6-ին ընդունած որոշումն իրենց չի գոհացրել: Ի՞նչ քայլեր է պատրաստվում տրանսպորտի նախարարությունը ձեռնարկել:
– Տրանսպորտի նախարարությունը ձեռնարկել է այն՝ ինչ կարողացել է ձեռնարկել: Այսինքն` կառավարության որոշման փոփոխությունը ներկայացրել է: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները նաեւ 1600 VIN կոդերի համար են հանձնել վարչապետի օգնականին: Ներկայացնելով, որ դա է ամբողջ ցանկը, այսինքն այդ մեքենաներն են, որ պետք է ուղիղ ներկրվեն: Հիմա մենք սպասում ենք նաեւ օգնականը ներկայացնի, որ մենք հասկանանք՝ ինչ ենք անում:
Մենք մեր մասով ամբողջը արել ենք եւ ներկայացրել ենք «Ղեկը աջ» նախաձեռնությանը, որ իրենց ասած տարբերակով` ուղիղ ճանապարհով ներկրումը ուղղակի անհնար է, այսինքն, որ մեքենան ներկրվի եւ ստանա աջ ղեկով պետական գրանցում:
– «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները անընդհատ այն հարցն են առաջ քաշում, որ աջ ղեկից ձախ վերասարքավորումը շատ ավելի վտանգավոր է լինելու մեքենայի համար, քան հենց աջ ղեկով վարելը:
– Ես ուզում եմ ասել, որ մինչ այս ապրիլի 1-ից հետո նույն նախաձեռնության անդամների կողմից Հայաստան մեքենաներ են ներկրվել: Մինչ ներկրվելը` Վրաստանի տարածքում ղեկային համակարգ է փոխվել աջից՝ ձախ: Այո, այդ վտանգավորությունը կա, բայց այդ վտանգավորությունը ինչ-որ տեղ կիրառվել է ապրիլի 1-ից հետո, երբ աջ ղեկ մեքենաները արգելվել են: Այսինքն, պրակտիկորեն այդ նախաձեռնության անդամները դրանք արդեն կիրառել են:
– Կառավարությունը կարծես թե առաջարկեց այն հնարավոր տարբերակները, որը հարցը հնարավորինս մեղմում էր, սակայն նախաձեռնության անդամներին դա չի բավարարում: Ո՞րն է լինելու այստեղ կոնսենսուսային տարբերակը:
– Կոնսենսուս կարող էր լինել հենց այս տարբերակի պարագայում` ներկրել եւ մեքենայի ղեկը տեղափոխել, բայց ինչպես տեսնում եք՝ չեղավ:
– Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նախաձեռնության անդամները փորձում են բողոքների միջոցով հարցը տանել նրան, որ կառավարությունը հանրային որոշակի ճնշման տակ օրենքը չեղարկի:
– Անկեղծ չեմ ուզի քաղաքական գնահատական տալ այս պրոցեսներին, որովհետեւ այս ամենին մոտենում եմ որպես գործադիրի անդամ: Ես զերծ կմնամ այդ հարցին պատասխանելուց: Ուղղակի մի բան կարող եմ ասել, եթե կա արգելող օրենք ես կարծում եմ, որ այդ օրենքի արգելքի դեմ ցանկացած գործողություն մի փոքր անհասկանալի է լինում: Ընդ որում, որ այդ օրենքը կա, գործում է: Այլ է հարցը, որ այդ մարդիկ քննարկեն այդ օրենքի ճիշտ եւ սխալ լինելը` հետագայի համար, կամ հետագայում փոխելու համար: Բայց գիտեք, որ հետագայում այլեւս իմաստ չունի փոխել, որովհետեւ 2020 թվականի հունվարի 1-ից գործելու է ԵԱՏՄ կանոնակարգի մասին օրենքը: Այսինքն, օրենքն էլ նպատակահարմար չի փոխել եւ այդ գործող օրենքի շրջանակներում, իմանալով, որ արգելվում է գնալ, մեքենաներ բերել, այստեղ արդեն ես ինչ-որ խնդիր տեսնում եմ:
– Հնարավո՞ր է, որ կառավարությունը զիջման գնա նաեւ այս պարագայում եւ թույլ տա, որ այդ 1000-ից ավելի ավտոմեքենաները հենց աջ ղեկով էլ ներկրվեն եւ վարեն:
– Դա քննարկվում է ամեն դեպքում, ես ոչ դրական եմ պատասխանում, ոչ բացասական:
– Այսինքն, դա հնարավոր տարբերա՞կ է:
– Ինչպես նշեցի՝ Նոյեմբերյանում իրենք ներկայացրին վարչապետի օգնականին, հիմա այդ 1600 մեքենայի հարցը քննարկվում է, դեռ ոչինչ պարզ չէ, բայց ամեն դեպքում քննարկումներ գնում են:
– Ունե՞ք վիճակագրական տվյալներ այն մասին, թե վերջին 2-3 տարիների ընթացքում աջ ղեկով ավտոմեքենայի մասնակցությամբ վթարները քանի տոկոս են կազմում:
– Եթե չեմ սխալվում՝ 9 տոկոս է: Մեր վերջին քննարկումների ժամանակ ոստիկանությունն է ներկայացրել:
Աղբյուրը՝ armtimes.com