11 ամսում անհատ տաքսի վարելու 579 նոր լիցենզիա է տրվել․ նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում 2018թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում մուտքագրվել է 36482 դիմում եւ գրություն, որոնցից 1339-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1965-ը ստացվել են էլեկտրոնային փոստով:

Նախարարությունից հայտնում են, զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն ստանալու 159 հարցում: Եվս 23 հարցում ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից:

Բոլոր հարցումներին, դիմումներին եւ գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:

«Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու 579 լիցենզիա եւ ներդիր, անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու գործունեության 21 լիցենզիա եւ 831 ներդիր, փոստային կապի գործունեության 1 ներդիր, արտաքին առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային եւ (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքեր ներկրելու 431 լիցենզիա, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 2 լիցենզիա եւ 2 ներդիր:

Նույն ժամանակահատվածում 327 քաղաքացիներ ստացել են ուղեւորատար տրանսպորտով անվճար երթեւեկելու վկայականներ:

Աղբյուրը՝ armtimes.com