Երեւանում անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երրորդ գլոբալ գիտաժողովը

Երեւանում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» երրորդ գլոբալ գիտաժողովի աշխատանքը: Այն խորհրդանշականորեն անցկացվում է Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտ Մատենադարանում, որի հավաքածուների մի մասը պահպանվել է Ցեղասպանությունից փրկվածների շնորհիվ. մարդիկ ամեն ինչ թողնում էին՝ փրկելով գրքերն ու ձեռագրերը:

Գիտաժողովի բացմանը ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ ՄՆացականյանը նշեց, որ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին Ռաֆայել Լեմկինի ջանքերի շնորհիվ, որն իր կյանքը նվիրել էր այս հանցագործությունների դեմ պայքարին, ընդունվեց Ցեղասպանությունների նախազգուշացման եւ դրա համար պատժելու մասին կոնվենցիան:

«70 տարի առաջ փորձագետների մի մեծ խումբ հավաքվեց ընդունելու կարեւոր փաստաթուղթը, որը ներկայումս էլ կարեւորագույն միջազգային մեխանիզմ է»,- նշեց Մնացականյանը: Նրա խոսքով՝ երկու համաշխարհային պատերազմ պահանջվեց, որ ընդունվեն մարդու իրավունքների մասին փաստաթղթերը: Նա հիշեցրեց Հայաստանի ավանդը ցեղասպանություն հանցագործության դեմ պայքարում եւ շեշտեց աշխարհում բացասական միտումները՝ այլատյացության եւ անհանդուրժողականության, ատելության աճը: «Հիմնական քննարկումները պետք է ուղղված լինեն այս հարցերի լուծմանը: Առաջարկները պետք է լրացնեն հանցագործության այս տեսակի դեմ պայքարի զինանոցը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:

Գիտաժողովին մասնակցում են ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ադամ Դիենգը, փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցող Ֆերնան դե Վարենը, բազմաթիվ հյուրեր: