Տուն-տեղ վաճառեք, համեցեք Գյումրի. քաղաքն արդեն Անեկդոտների պատ էլ ունի

Գյումրու երիտասարդները հավաքվեցին ու որոշեցին՝ Գերմանիայում Բեռլինի պատ կա, Իսրայելում՝ Լացի, Չինաստանում՝ Չինական, Դանիայում՝ Ուրախ, իսկ Հայաստանում պիտի Անեկդոտի պատ լինի: Իսկ Անեկդոտի պատը որտե՞ղ պետք է լիներ, եթե ոչ հումորի մայրաքաղաքում:

Գյումրու հենց կենտրոնում՝ Վարդանանց հրապարակի անմիջական հարևանությամբ՝ Շահումյան 188 շենքի պատն ամբողջությամբ այսուհետ անեկդոտ կպատմի, ավելին՝ քաղաք այցելած հյուրերը դժգոհ չեն մնա. Գյումրվա համով-հոտով անեկդոտները նաև ռուսերեն ու անգլերեն են: Չնայած նախաձեռնության անդամները վստահեցնում են՝ Գյումրվա հումորի հաջողությունը սուր մտքի ու բարբառի մեջ է:

Պատն ավելի խոսուն է քաղաքին հատուկ կոլորիտային պատկերների շնորհիվ:

«Տեսքն ու դիզայնը հետագայում ուզում ենք փոխել։ Անեկդոտների թիվն էլ կշատանա։ Հիմա փորձել ենք հանրության համար կարեւոր կենցաղային բնույթի կատակներ փոխանցել մարդկանց։ Սա բոլորի կողմից ընդունելի թեմա է և հաճելի է ընթերցել»,- Sputnik Արմենիային ասաց «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր Արսեն Վարդանյանը:

Գյումրեցի երիտասարդները «ՕՍՄ» հիմնադրամի հայտարարված մրցույթին էին ներկայացրել «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության «Անեկդոտների պատ» նախագիծը, որն էլ հաղթող ճանաչվեց: Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար շատ կազմակերպություններ ու մարդիկ աջակցեցին

Գյումրին հումորի մայրաքաղաք է, սա անհերքելի փաստ է: Դեռ 5 տարի առաջ Facebook սոցիալական ցանցում բացված «Կատակում են գյումրեցիները» խումբն այսօր արդեն մոտ 167 հազար անդամ ունի, սա էլ նախաձեռնող խմբին ստիպել է մտածել քաղաքում ոչ միայն անեկդոտները բերանացի լսելու, այլ նաև կարդալու հնարավորություն ընձեռելու մասին:

«Սա ոչ միայն զբոսաշրջությունը զարգացնելու յուրօրինակ դրսևորում է, այլ նաև տրամադրություն փոխանցող քայլ»,- ասում է Արսենը, հետո էլ ավելացնում՝ տուն-տեղ ծախեք, համեցեք Գյումրի:

Անեկդոտների պատից անեկդոտներ չենք մեջբերում։ Համեցեք Գյումրի ու ինքներդ կարդացեք:

Աղբյուրը՝ armeniasputnik.am