«Վեոլիա ջուրը» մտադիր է 14 դրամով բարձրացնել խմելու ջրի սակագինը

«Վեոլիա ջուր» ընկերությունը մտադիր է մոտ 14 դրամով ավելացնել խմելու ջրի սակագինը և հաջորդ շաբաթ դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին այն ճշգրտելու համար։

Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը 15 տարով տնօրինող այս ընկերությունը առաջարկում է 2019 թվականի հունվարից 1 խմ ջրի արժեքը սահմանել 205.1 դրամ, ներկայումս գործող 191.4-ի փոխարեն։

Սա, ըստ ընկերության, բխում է վարձակալության պայմանագրի կետերից․ ըստ այդմ՝ ոլորտը տնօրինող միակ օպերատորը ամեն տարի պարտավոր է դիմել՝ ճշգրտելու սակագինը, իսկ այն առաջիկա տարիների պետք է միայն աճի՝ իր «պիկին» հասնելով 2022-23 թվականներին, ինչից հետո միայն կնվազի: Այս մասին «Ազատությանը» տված գրավոր պատասխանում հայտնել են ընկերության մամուլի հետ կապերի բաժնից։

Իսկ մինչև այդ, խմելու ջուրը թանկացնելու՝ «Վեոլիայի» այս մտադրությանն առարկել էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը։ Դեռ հուլիսի 31-ին, հանդիպելով ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի հետ, Ինեսսա Գաբայանն անթույլատրելի էր համարել սակագնի բարձարցումն ու նշել, որ ընկերության աշխատանքը չի գոհացնում քաղաքացիներից շատերին։

«Մենք ոչ բավարար ենք գնահատում «Վեոլիայի» գործունեությունը, և դրա մասին խոսում են բոլոր այն նամակները, որ ամեն օր մեր փոստով գալիս են: Բողոքներ են թե՛ ջրամատակարարման, թե՛ ջրահեռացման, կեղտաջրերի հետ կապված ոչ սանիտարական վիճակների, թե՛ ինչ֊որ տեխնիկական պայմանների ձգձգելու, դժվարացնելու, նոր հոսքագծերի միացման հետ կապված», – «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Գաբայանը: – «Մի խոսքով՝ այստեղ կառավարման բավականին լուրջ թերացումներ կան»:

Թեև Ջրային տնտեսության պետական կոմիտեն ազդեցության լծակներ չունի «Վեոլիայի» վրա, սակայն Գաբայանն ասում է՝ անընդունելի է պայմանագրում նշված այն կետը, որ համակարգում կորուստները կարող են հասնել 80 տոկոսի։ Նորանշանակ նախագահը վստահ է՝ մեկ օպերատորի կարգավիճակում արդեն 2 տարի աշխատող ընկերությունը կարող էր կրճատել ջրագողության, ապօրինի ջրօգտագործման և ջրի չհաշվառման բազմաթիվ դեպքեր, որոնք ուղղակի ազդում են սակագնի ձևավորման վրա:

«Տեխնիկապես դա անհավատալի է՝ 80 տոկոս կորուստներ ունենալ այդ փակ համակարգում», – ասում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը: – «Իրենք ասում են՝ դա ոչ միայն տեխնիկական է, այլև կոմերցիոն է: Հասկանալի է, բայց 1 տարուց ավելի է՝ աշխատում է ընկերությունը, բայց ոչ մի քայլ չի արել այդ ուղղությամբ՝ բացահայտելու այդ կորուստները»:

Մեկ օպերատորի պարտականությունները «Վեոլիան» ստանձնեց 2017-ի սկզբից՝ նախորդ իշխանության օրոք։ Դրանից հետո մինչև այսօր ընկերությունը մենաշնորհային դիրք ունի ոլորտում, ինչը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի կարծիքով պետք է վերանայվի:

Ոլորտում միակ խաղացողի փաստը չի գոհացնում նաև քաղաքացիներին։ Նորագավիթի բնակիչները, որոնք տարիներ շարունակ ամռանը դժգոհում են ջրի որակից, ասում են, եթե «Վեոլիային» այլընտրանք լիներ, հարցը արագ կլուծվեր, բայց այժմ ստիպված են միայն նյարդեր քայքայել, անարդյունք զանգեր կատարել և ի վերջո խմելու ջուր գնել, քանի որ ծորակից եկողը բանի պետք չէ։ Երբ բնակիչները մեզնից տեղեկացան, որ ընկերությունը ջրի վարձը կրկին բարձրացնելու մտադրություն ունի, ասացին՝ անորակ ջրի դիմաց չեն պատրաստվում հավելյալ գումար վճարել։

Մինչդեռ «Վեոլիա ջուր» ընկերությունը սակագնային նման քաղաքականությունը բացատրում է ֆինանսական միջոցների այնպիսի հոսքի ապահովմամբ, որն անհրաժեշտ է համակարգում պահանջվող շինարարական աշխատանքների ու տեխնիկական վերազինման համար։ Դա էլ, ըստ ընկերության, կհանգեցնի ջրամատակարարման շարունակական բարելավմանը։ Սակայն ֆրանսիական ընկերության բացատրությունները չեն գոհացրել նաև վարչապետ Փաշինյանին։ Ֆեյսբուքյան վերջին ասուլիսի ժամանակ, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, Փաշինյանն ասել էր՝ մեղմ ասած գոհ չեն «Վեոլիայի» աշխատանքից և բոլորին պետք է ծորակից հոսող ջուր, ոչ թե բացատրություն:

Պետությունը պատրաստվում է վերանայել ընկերության հետ կնքած վարձակալության պայմանագիրը, սակայն Ջրպետկոմի նախագահը առայժմ չի բացում փակագծերը, թե որ կետերը կփոփոխվեն:

Աղբյուրը՝ azatutyun.am