«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված դերասան Հայկ Մարությանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում մեծ քննարկումների առիթ դարձավ հատկապես սոցցանցերում: Մարդիկ շտապում են բողոքել, որ դերասանն ուզում է մտնել քաղաքականություն, մեկնաբանելով, որ նրա տեղը բեմն է և նա պետք է այդտեղ էլ մնա, իսկ ոմանք էլ, կարևորելով նրա մարդ տեսակը, դերասանին միանշանակ ուզում են տեսնել քաղաքապետի պաշտոնում: Այս մասին խոսում են բոլորը, բայց ոչ դերասանի գործընկերները: Մկրտիչ Արզումանյանը, Հրանտ Թոխատյանը և գրեթե բոլորը, չնայած իրենց քաղաքական ակտիվությանը, այս թեմայի վերաբերյալ նախընտրում են լռել:
Մեզ հաջողվեց խոսել դերասան Հովհաննես Ազոյանի հետ. «Ես դեռևս կուրորեն հավատում եմ Նիկոլ Փաշինյանին…. եթե նա Հայկի փոխարեն առաջադրեր անգամ Մանվել Գրիգորյանի թեկնածությունը, ես կսատարեի ))»:
Հիշեցնենք, որ այս տարի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր՝ սեպտեմբերի 10-ից 21-ը:
Ընտրություններին մասնակցելու է դերասան Հայկ Մարությանը, որը գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, «Բարգավաճ Հայաստանից» Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր Ծիրանիից» Զարուհի Փոստանջյանը, «Երևանի հանրության» ցուցակը գլխավորելու է Անահիտ Թարխանյանը, «Ելք» դաշինքի անդամներ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների թեկնածուն՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, «Ժողովրդական ուղի» կուսակցությունից Մանուել Գասպարյանը, «Ռեֆորմիստներ» կուսակցությունից Արտակ Ավետյանը:
Աղբյուրը՝ PrimeNews.am