Վարչապետը շոկի մեջ է. նա գիտի այնպիսի ճշմարտություններ, որոնցից սարսռում է

Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումների ընթացքում ի հայտ եկած փաստերն ամեն օր շոկի են ենթարկում Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին այսօր նա խոստովանեց  լրագրողների հետ հանդիպմանը։

«Պատկերացրեք` ես ամեն օր ստանում եմ տեղեկություն, որն ինձ զարմացնում է։ Ես հրաժարվում եմ հավատալ այդ տեղեկություններին, մինչև ինձ չեն բերում, ներկայացնում, ասում` ապացույց 1, ապացույց` 2, ապացույց 3, ապացույց 4։  Այն օրը ես մեր պետական կառավարման մարմիններից մեկի ղեկավարին կանգնեցրել եմ, ասել եմ` խնդրում եմ մի շարունակի։ Ես չեմ կարող մեկ օրվա մեջ այսքան տեղեկություն ստանալ և հոգեկան հավասարակշռությունս պահպանել։ Ասել եմ` խնդրում եմ հենց հիմա դադարեցրու, երբ որ ինքը հանում էր թղթեր, ապացույցներ, ֆոտոներ, վիդեոներ և այլն և այլն։ Ես ասում էի` այսօր այսքանն ինձ բավական է, գնացեք ուրիշին պատմեք»,– լրագրողներին պատմեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ իր ողջ լրագրողական ու քաղաքական գործունեությունը նվիրել է կոռուպցիայի բացահայտմանը, բայց հիմա ամեն օր շոկի է ենթարկվում կոռուպցիայի իրական ծավալներից ու կոռուպցիոներների լկտիության մակարդակից։

«Ամեն տարի ասում էինք` սոցիալական ոլորտում կոռուպցիա կա։ Կոռուպցիա՞, կոռուպցիան ի՞նչ է»,– ասաց վարչապետը` չբացահայտելով, սակայն, թե ինչ է իրականում կատարվում այդ ոլորտում։

Առողջապահության ոլորտի մասին ևս մշտապես նշվում էր, որ քիչ պետպատվեր տեղերով հնարավոր չէ բուժել քաղաքացիներին, բայց երբ Փաշինյանն իմացել է, թե ինչի վրա են ծախսվում պետպատվերի փողերը, հերթական շոկն է ապրել։

«Հիվանդանոցների գլխավոր բժիշկները էդ փողերը դրել են գրպանը ու ինչ–որ մարդկանց անուններ են գրել, որ իբր բուժվել են։ Էդ մարդիկ, պարզվում է տեղյակ էլ չեն եղել, որ իրենց բուժել են, իրենց կյանքը փրկել են։ Իրենք իրենց տանը նստած, նույնիսկ հիվանդ էլ չեն»,– ասաց վարչապետը։

Երկու ամսվա բացահայտումներից հետո Նիկոլ Փաշինյանը նույնիսկ վստահ չէ` արժե շարունակել. նրա խոսքով, դեռ հայտնի չէ` աղետի իրական մասշտաբները։

«Ես հիմա գիտեմ այնպիսի ճշմարտություններ, որ վստահ չեմ, որ հանրությունը կցանկանա իմանալ դրա մասին։ Ես ամեն օր մտածում եմ` ճշմարտությունը մինչև որ կետն ենք բացելու, որ հանրությունը չհիասթափվի կյանքից»,–ասաց վարչապետը

Եվ այդուհանդերձ, Փաշինյանը վստահ է, որ ճշմարտությունը մինչև վերջ պիտի բացվի, նույնիսկ եթե բացասական հետևանքներ ունենա։

«Պատկերացնում եք այդ ճշմարտությունը ինչքան մարդկանց շահերի հետ է առնչվելու։ Պատկերացնո՞ւմ եք, թե այդ մարդիկ ինչքան ֆեյք ունեն, ինչքան փող ունեն, ինչքան լծակներ ունեն։ Բայց թող չմտածեն, թե կկանգնեցնեն ինձ»,– վստահեցրեց Փաշինյանը։

Վարչապետը Հայաստանը համեմատեց քաղցկեղով հիվանդի հետ, որին ասպիրին են տալիս։ Մինչդեռ ճիշտ բուժում անելու համար նախ պետք է ճիշտ ախտորոշում անել։

«Իսկ մենք ամեն անգամ յամերի տակով անցնում ենք, այնպիսի բաներ են բացվում, որ ասում ենք` մի հատ ՀՏ անենք, կարող է էլի նոր բաներ բացվեն»,– ասաց Փաշինյանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am