«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասով վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ է հարուցվել: Դրանց արդյունքում կայացվել է վարչական տույժ կիրառելու մասին 15 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 17 որոշում, իսկ 34 գործերի քննությունը կիրականացվի հուլիս ամսին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 66 վարույթները որ ոլորտների բարձրաստիճան պաշտոնատար անձանց են վերաբերում:
Մասնավորապես՝ վարույթ է հարուցվել ԱԺ չորս պատգամավորի դեմ: Բացի այդ, 26 վարույթ վերաբերում է քննիչներին, 15-ը՝ հարկային և մաքսային ծառայողի, 4-ական դեպքեր վերաբերում են ոստիկանության ծառայողի, քաղաքացիական ծառայողի, դատախազի և ԴԱՀԿ ծառայողի, 3 դեպք քրեակատարողական ծառայողի, 2-ն էլ այլ պաշտոն զբաղեցնող անձի: Ըստ Էթիկայի հանձնաժողովի՝ այս մարդիկ միտումնավոր կամ անզգույշ կերպով իրենց հայտարարագրերը թերի են ներկայացրել:
Ովքե՞ր են հայտարարագիրը թերի ներկայացրած, ըստ այդմ՝ ունեցվածքը թաքցրած չորս պատգամավորները, Էթիկայի հանձնաժողովը չի մանրամասնել: Հավելենք, որ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուպատիկի չափով»,-գրում է թերթը: