Ոստիկանապետի եղբայրը նվաստացրել է տուժողին ու զենքի սպառնալիքով ստիպել ծնկաչոք ներողություն խնդրել

Նախկին ոստիկանապետի եղբայրը նվաստացրել և զենքի միջոցով սպառնացել, որ երեկվա միջադեպի մասին նա ոչ մի տեղ չխոսի, այս մասին Dialogue.am-ի հետ զրույցում հայտնեց Ավետիք Սարգսյանը՝ նոր մանրամասներ պատմելով դեպքից:

Երեկ ոստիկանության Կոտայքի բաժնում Կոտայք գյուղի բնակիչ Ավետիք Սարգսյանը նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր կողմից ծեծի ենթարկվելու մասին հաղորդում էր տվել:

Ըստ տուժողի, ինքը դեմքին հարվածներ և հայհոյանքներ է ստացել Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի և վերջինիս որդու կողմից:

«Ես բալկոնում նստած էի, երեխաները ներքևում ջրոցի էին խաղում ու տեսա, որ մեքենա կանգեց ու մեկը իջավ եկավ աղջկաս՝ Սոնային, սկսեց վախեցնել ու եթե ես չմիջմտեի, շատ հավանական է, որ ապտակեին ու ծեծեին երեխային: Երեխայիս կոպտում վիրավորում էր, թե դու ո՞վ ես ո՞ւմ եթիմն ես: Ես էլ գնացի բալկոն, ներքև չեմ իջել, ասեցի դե, ոչինչ երեխա են ջուր են արել, հիմա ինչ եղավ, լավ էլ չեն անի: Սկսեց ինձ հայհոյել, հարցրեց դու ո՞վ ես, ասացի մի հայհոյի, ես երեխայի ծնողն եմ ու նորից ինձ հայհոյեց ես էլ իրեն հայհոյեցի ու իջա բակ:

Այդ ընթացքում հարևանները տեսել են, թե ոնց են սպառնացել էլեկտրաշոկ օգտագործել, դրանից հետո մարդ էր միջնորդել՝ գնանք տեսնենք, խոսենք, իրար հասկանանք, մեր հարևան Շուռան էլ ասեց, որ ինքն էլ կգա, որ հանկարծ կռիվ չլինի ու տենց ախպորս տղան էլ իմ հետ եկավ:

Մեզ տարան քցեցին ներս դուռն էլ փակեցին ու ինձ հայհոյանքներ հասցնելով հարվածեցին: Եղբորս տղայի ձեռքերը բռնեցին, տարան մի կողմ  ու ինձ Կարեն Գասպարյանը ասաց, որ պետք է ծնկաչոք ներողություն խնդրեմ, քանի որ ինքը հաճույք է ստանում դրանից: Զենքերը պահել էին երեխայի վրա ու ես ստիպված ներողություն խնդրեցի:Վերջում Կարեն Գասպարյանը սպառնաց ինձ, որ եթե այս թեմայով զրույց լինի իմ ընտանիքը կվերացնի, տունս կքանդի»,- պատմեց նա, վստահեցնելով, որ մարտական է տրամադրված և մինչև վերջ գնալու է:

Նշենք, որ Ավետիք Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ եղած ժամանակ աշխատել է Ռազմական ոստիկանությունում:

Հիշեցնենք,ավելի վաղ Dialogue.am-ը տեղեկացրել էր, որ 40-ամյա Ավետիք Սարգսյանը նախնական բուժօգնության է դիմել Աբովյանի ԲԿ, որտեղից ավելի ուշ տեղափոխվել է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, այնտեղ հետազոտությունները դեռ շարունակվում են: Նա ուժգին հարվածներ է ստացել դեմքի շրջանում և կոտրվածներ չունի: Տուժողը նշել էր նաև, որ բժիշկները վերջնական ախտորոշում դեռևս չեն տվել: