Մենք քաղքենիների ու գեղցիների համար թամաշայի վերածելու երկիր չունենք. Դեմոյանը՝ Փաշինյանին

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել՝ իր պաշտոնավարման շուրջ սկսված վերջին օրերի աղմուկի մասին: Նա դիմում է Նիկոլ Փաշինյանին, ընդունում, որ պարտություն է կրել, սակայն իշխանությունները, ըստ Դեմոյանի, մտորելու տեղ ունեն:

Գրառման մեջ ասվում է.

Որոշ մտորումներ վտանգավորի ու անդառնալիի մասին

Այսօր վերընթերցում էի երեկվա իմ գրառմանն ի պատասխան ներկայացված տեսակետերն ու կարծիքները: Կարող եմ ասել, որ արձագանքները 40-60 հարաբերակցությամբ հօգուտ Արայիկ Հարությունյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի էին: Բայց պարտության դառնությունը չէ, որ պատեց ինձ, այլ սոսկումի այն զգացումը, որ ընդդիմախոսների այդ 60-ի ավելի քան 80 տոկոսը փաստարկման հիմնական ձեւ ու եղանակ ընտրել էր փողոցային ամենավերջին հայհոյախոսությունները, լուտանքներն ու անեծքի ժանրը: Ու մի պահ պատկերացրեցի, որ հենց այս վիրտուալ խառնամբոխը մոտ ապագայում կարող է դառնալ թելադրող ու պահանջող գերակա այն գործոնը, որի առկայության պարագայում իշխանության եկած ցանկացած նոր ուժ պարտավորված կզգա բավարարելու ու հարգելու «հաց ու զվարճանքներ» պահանջողների կարիքները:

Պարո´ն Փաշինյան,

Իր բնույթով աննախադեպ ու պատմական ժողովրդական շարժման ու Նոր Հայաստանի կերտման հենքը սրանք չէ որ պիտի կազմեն: Այս պահին Դուք պատմություն կերտողի կարգավիճակ ու հեղինակություն ունեք եւ քչերը կարող են հերքել կամ ժխտել դա: Օգտագործե´ք պատմական այս բախտորոշ ու կարճաժամկետ պահը, բացառելու համար այս զանգվածի տիրապետող դիրքեր գրավելու եւ որպես թելադրող ուժ հանդես գալու հեռանկարը: Վստահ եմ, որ կանխազգում եք այս վտանգը, որը կործանարար հետեւանքներ կարող է ունենալ բոլորիս համար: Հակառակ պարագայում կգա ոչ թե ոգու սով, այլ սովյալ ոգիների խրախճանքների ժամանակը…

Մեր պետականության ու հասարակության համար մեծագույն շքեղություն կլինի նոր բաժանարար գծեր քաշելը: Արտագաղթի արդյունքում արնաքամ եղած ու վտանգված մեր պետությունը բավական մարդկային ռեսուրսներ չունի, որպեսզի «յուրային-ոչ յուրային» հայտնի սխեմայով մերժենք սրան կամ նրան, այսինչի կամ այնինչի պատճառով: Որպես փորձառու քաղաքական գործիչ, կարծում եմ, որ Ձեր քաղաքական գիծը տանելիս կգտնեք այն ոսկե միջինը, որի արդյունքում պետության շենացման ու հզորացման գործին կլծվեն մեր երկրի բոլոր կարող ուժերը: Արդյունքում կշահենք բոլորս, վստահեցնում եմ Ձեզ…

Մենք քաղքենիների ու գեղցիների համար թամաշայի վերածելու երկիր չունենք: