Մանվելականները շարունակում են «արտագաղթել» Էջմիածնից

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ներկայացել է իրավապահներին, և նրան ձերբակալել են։ Նա կասկածվում է «մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք» ձեռք բերելու և պահելու մեջ՝ ՔՕ հոդված 235, 2-րդ մաս։ Իսկ մանվելականները շարունակում են «արտագաղթել» Էջմիածնից, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո գեներալի ընտանիքի և նրա բարեկամների ու մերձավորների նկատմամբ քաղաքում անհանդուրժողական մթնոլորտ է ձևավորվել։

Մանվելականների ռեժիմից ազատագրված էջմիածնեցիներից ոմանք որոշել են վրեժ լուծել գեներալի շրջապատից։ Տեղեկություններ կան, որ շատերն այս օրերին լքում են իրենց բնակարանները և կվերադառնան, երբ կրքերը հանդարտվեն։ Ի դեպ, ասացին նաև, որ Մանվել Գրիգորյանի հեկտարներով խոտհարքներն ու այգիներն անմշակ են մնացել, որևէ բանվոր այլևս չի ցանկանում աշխատել այդ տարածքներում»։