Յանսի ղեկավարությունը հաշվապահից կրկնակի գումար է պահանջել. նա երեխայի հետ դրսում է մնացել

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանի (հայտնի է որպես Սերժի Վաչո)  կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նախկին հաշվապահը անչափահաս երեխայի հետ դրսում է մնացել:

«Յանս» ակումբի կին հաշվապահի կողմից ենթադրյալ հափշտակության դեպքը տեղի է ունեցել դեռեւս մեկ տարի առաջ: Այս դեպքի մասին հայտնի դարձավ միայն օրեր առաջ, երբ ընկերությունում քննիչի որոշմամբ՝ ոստիկանությունը սկսեց խուզարկություններ իրականացնել թե՛ «Յանս» ակումբում եւ թե՛ Վաչագան Ղազարյանի բնակարանում:

Հայտնի դարձավ, որ հաշվապահի դեմ 2017 թվականին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հաղորդում է ներկայացրել «Յանս» ակումբի տնօրեն Սերգեյ Կարապետյանը՝ որպես հափշտակված գումարի չափ նշելով 25 միլիոն դրամ:

Վաչագան Ղազարյանը կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի հետ բնակվում է Սամվել Մայրապետյանի կառուցած Երեւանի Տերյան 66 հասցեի էլիտար շենքում, որտեղ բնակվում են բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այդ շենքը հսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից: Մեր այցի պահին, համենայնդպես, ըստ անվտանգության աշխատակցի՝ Ռուզաննա Բեգլարյանը տան չէր, եւ մեզ վերեւ բարձրանալ չթույլատրվեց: Փոխարենը անվտանգության աշխատակիցը պարբերաբար հետաքրքրվում էր, թե մեզ ով է «ուղարկել»:

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է նախօրեին՝ Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող  «Յունիբանկ» ՓԲԸ-մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը: Վերջինս բերման ենթարկելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում, ներկայացրել է «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին՝ ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլարը, ինչպես նաեւ 436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:

Ըստ Վաչագան Ղազարյանի՝ կանխիկացման նպատակը եղել է գումարն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը՝ Ղազարյանը չի ցանկացել հայտնել: Վաչագան Ղազարյանը խուզարկության ընթացքում հայտնել է, թե «Յունիբանկ» եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ների իր հաշիվներում առկա գումարը մոռացել է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում: Ապօրինի հարստացման մասով գործը քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, իսկ «Յանս» ակումբի հաշվապահի կողմից ենթադրյալ հափշտակության գործը՝ ՀՀ քննչական կոմիտեն:

Երեկ մեր մի քանի հարցերին է պատասխանել է հաշվապահի պաշտպան Թամարա Բաղդասարյանը:

– Տիկին Բաղդասարյան, «Յանս» ակումբի նախկին հաշվապահին ի՞նչ մեղադրանք է առաջադրված:

– Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասով`առանձնապես խոշոր չափի յուրացման համար:

– Ընդունո՞ւմ է առաջադրված մեղադրանքը, ի՞նչ դիրքորոշում է հայտնել:

– Ի սկզբանե չի ընդունել եւ մինչ այս պահն էլ չի ընդունում, այնպես չի, որ սա նոր հարուցված քրեական գործ է, մեղադրանքն էլ նոր առաջադրված: Գրեթե մեկ տարվա պատմություն ունեցող քրեական գործ է:

– Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հաշվապահը նոր է սկսել «Յանսի» ղեկավարության դեմ ցուցմունք տալ, ինչից հետո էլ սկսվել են այս աղմկոտ խուզարկությունները: Ինչո՞ւ է ձեր պաշտպանյալը որոշել հենց մեկ տարի անց ցուցմունք տալ:

– Մեր մարտավարության մեջ ոչինչ չի փոխվել, ի սկզբանե ցուցմունքները տրվել են, այդ ուղղությամբ վարույթն իրականացնող մարմինները նոր են սկսել ավելի լուրջ նայել ցուցմունքներին: Մենք պատրաստվում ենք նաեւ համապատասխան մարմիններում համապատասխան միջնորդություններով եւ հայտարարություններով հանդես գալ: Ի սկզբանե մեղադրանքը եղել է այլ գումարների շրջանակներում, իրենից վերցվել է լրիվ այլ գումար, ինքը այլ գումարը վախից տվել է, որպեսզի ազատության մեջ հայտնվի: Իմ պաշտպանյալը շատ լավ գիտակցել է՝ ում դիմաց է ինքը կանգնած, այնպես որ նոր բան չի դա, ուղղակի նոր ներկայացվում է: Խնդիրն այն է, որ վարույթն իրականացնող մարմինը դեռեւս անցած տարվա սեպտեմբեր ամսից ունենալով 25 միլիոնի մասով մեղադրանք, գիտեր, որ հաշվապահի ամուսինը տարել եւ «Յանս»-ի տնօրենին առձեռն 40 միլիոն գումար է տվել, որպեսզի իրենք չառարկեն, որ պաշտպանյալիս նկատմամբ գրավ կիրառվի: Վարույթն իրականացնող մարմինը խնդիր պետք է տեսներ, գոնե մեկ անգամ հարցադրում պետք է աներ «Յանսի» ղեկավարությանը, թե ինչո՞ւ եք մարդուց 25 միլիոնի փոխարեն 40 միլիոն վերցրել, ինչով է դա պայմանավորված: Այդ հարցադրումը կարծեմ մինչ այս պահը չի արվել, հիմա նոր սկսվեց այս ամեն ինչը բացվել:

– Այսինքն՝ «Յանսի» ղեկավարությունը հաշվապահից կրկնակի գումա՞ր է պահանջել:

– Այո, պահանջել են, որպեսզի, ըստ էության, իր դեմ բողոք չունենան, ստացականի պատճենն էլ կա: Ստացականով արձանագրվել է, որ սկզբում վերցրել են 6 միլիոն, հետո 34 միլիոն ՀՀ դրամ, նշում են, որ ընդհանուր 40 միլիոն դրամ են ստացել նրա հարազատներից եւ որեւէ բողոք-պահանջ չունեն:

– Հաշվապահին Վաչագան Ղազարյանը կամ կինն է ստիպե՞լ կրկնակի վճարել:

– Դրա վերաբերյալ հետագայում համապատասխան հայտարարություններով հանդես կգանք: Ես երբ ներգրավվեցի որպես իր պաշտպան, առաջին հարցս այն էր հաշվապահին՝ եթե չեք ընդունել մեղադրանքը, ապա ինչո՞ւ եք գումար տվել, պատասխանը եղել է, որ ես կանգնած եմ շատ հզոր մարդկանց դիմաց ու դա իմ ազատության գրավականն է եղել: Իմ պաշտպանյալը հիմա անտուն է, անչափահաս երեխան փողոցում է հայտնվել, ինչ ունեին չունեին, նաեւ հարազատները վաճառել ու հայտնվել են փողոցում: Ինքը հիմա ապրում է իր ընկերուհու տանը:

– Հաշվապահի դեմ հաղորդումը Վաչագան Ղազարյանի կի՞նն է ներկայացրել:

– Ոչ, տնօրենն է ներկայացրել, իհարկե՝ Վաչագան Ղազարյանի կնոջ ցուցումով, այդպես եմ կարծում:

– Բայց, ի վերջո ի՞նչն է եղել պատճառը, ի՞նչ ունեին հաշվապահի դեմ, եթե ձեր պաշտպանյալը պնդում է, որ ինքը գումար չի հափշտակել:

– Հաշվապահը ինքն էլ մինչ այս պահը փորձում է հասկանալ, որն է իր սխալը եղել, փորձում է հասկանալ՝ ինչն է եղել պատճառը, որ որոշել են իրեն տապալել:

– Քանի՞ տարի է աշխատել «Յանս»-ում

– 2012 թվականից մինչեւ 17 թվականի մայիս:

– Առերեսում ձեր պաշտպանյալի եւ Վաչագան Ղազարյանի կնոջ միջեւ եղե՞լ է:

– Մենք ի սկզբանե առերեսումների միջնորդություններով Վաչագան Ղազարյանի կնոջ հետ կապված հանդես եկել ենք, մինչ այս պահը չեն ապահովել մեր այդ իրավունքը, եթե ապահովեն, մենք ուրախ կլինենք:

Աղբյուրը՝ armtimes.com