Շարմազանովը խոսել է Հայաստանի անվտանգությանը սպառնացող մարտահրավերների մասին

Անվտանգության մարտահրավերները Հայաստանի համար շարունակում են մնալ առաջնային։ Էդուարդ Շարմազանովը կարևորել է ՀԱՊԿ–ի շրջանակներում համագործակցությունը։

Հայաստանն ու Ռուսաստանը պետք է ավելի սերտ համագործակցեն խորհրդարանական հարթակներում: Այդ մասին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոսել է հունիսի 20-ին Տիրանայում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Միխայիլ Եմելյանովի հետ հանդիպման ընթացքում:

ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` կողմերը կարևորել են հայ-ռուսական դարավոր հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը և դրանք զարգացնելու պատրաստակամություն հայտնել:

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակում երկկողմ համագործակցությանը: «Հայ-ռուսական հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ: Մենք՝ խորհրդարանականներս, պետք է նպաստենք դաշնակցային հարաբերությունների խորացմանը բոլոր ոլորտներում»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Նա կարծիք է հայտնել, որ անվտանգության մարտահրավերները Հայաստանի համար շարունակում են մնալ առաջնային և այդ առումով ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի ու բխում է մեր պետության շահերից:

Խոսելով ՍԾՏՀ ԽՎ աշխատանքների մասին՝ Էդուարդ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ կառույցը պետք է հավատարիմ մնա իր տնտեսական ուղղվածությանը և չծառայի որոշ պետությունների քաղաքական շահերին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am