Ծառուկյանի որդին կգնա բանակ. Փաշինյանը զայրացել է.«Ժամանակ»

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ստուգել` պաշտոնյաներից ում որդին բանակ չի գնացել, ինչ հիմքով, կամ եթե գնացել է` որտեղ է ծառայում։

Գագիկ Ծառուկյանը դիմել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն` որդու` Նվեր Ծառուկյանի անունը կառավարություն ներկայացված տարկետման իրավունք ստացողների ցուցակից հանելու հարցով: Այս մասին հայտնում է «Ժամանակ» թերթը։

«Սա փորձում են ներկայացնել որպես Ծառուկյանի կողմից արված մի վեհանձն քայլ, որով նա իր որդուն դնում է մյուս զինապարտների հետ հավասար հարթության մեջ: Բայց իրականությունը բոլորովին այլ է»,- գրում է թերթը:

Ըստ հոդվածի` Նվեր Ծառուկյանին բանակից ազատելու մասին լուրը հրապարակվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մոտ է հրավիրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանին և նրան շատ հանգամանալից բացատրել, որ այդ պաշտոնը իրեն տրված չէ իր հովանավորների որդիներին բանակից ազատելու միջնորդություններ գրելու համար: Փաշինյանն ասել է, որ եթե իր որդին կամավոր մեկնում է Արցախ ծառայության, ապա ինքը չի հանդուրժելու, որ մյուս պաշտոնյաների և օլիգարխների որդիներն ազատվեն ծառայությունից:

Բացի այդ, ըստ թերթի, Փաշինյանը նաև հանձնարարել է ուսումնասիրել այլ պաշտոնյաների որդիների ծառայության կամ դրանից ազատվելու հանգամանքները և զեկուցել իրեն:

Աղբյուրը՝ armeniasputnik.am