Ինչ էր փնտրում ու ինչ է գտել ոստիկանությունը «Յանս» ռեստորանային համալիրում

Քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել երեկ «Յանս» ռեստորանային համալիրում կատարված խուզարկությունների ու հարուցված քրեական գործի վերաբերյալ։

 ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննվող քրեական գործով «Յանս» ռեստորանային համալիրում արձանագրված չարաշահումների փաստեր են բացահայտվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ընդ որում, ֆինանսական չարաշահումներն ի հայտ են եկել հենց ակումբի սեփականատիրոջ`«Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից 2017թ. կատարված ներքին ստուգումների արդյունքում։

Նախնական տվյալներով` ակումբի հաշվապահը 2012թ.-ի հոկտեմբերից մինչև 2017թ. մայիս, պատվերների ծավալների ու գումարների տվյալները փոփոխելու եղանակով, միանձնյա, որոշ դեպքերում նաև համալիրի մենեջերի հետ համաձայնության գալով, կատարել է յուրացումներ՝ ընկերությանը պատճառելով շուրջ 25.000.000 ՀՀ դրամի վնաս, որից 6.000.000 ՀՀ դրամը հաշվապահը 2017թ. հունիսին վերադարձրել է տնօրեն Ս. Կարապետյանին՝ որպես պատճառված վնասի վերականգնում:

Ակումբի հաշվապահական փաստաթղթերը, դրանց վերաբերյալ տվյալներ պարունակող համակարգչային սարքերն ու սարքավորումները, էլեկտրոնային կրիչները հայտնաբերելու նպատակով երեկ` հունիսի 20-ին, խուզարկություններ են կատարվել «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում և «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում:

Հայտնաբերվել և առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ։

Հայտնաբերվել է նաև 2 ատրճանակ՝ փաստաթղթերով և ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար։ ՔԿ-ն չի հայտնում, թե դրանք կոնկրետ որտեղից են հայտնաբերվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացման փաստով։

Նշենք, որ ակումբը գտնվում է Երևանի կենտրոնում, որոշ տեղեկություններով` այն պատկանում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին, որը համարվում էր ՀՀ երրորդ նախագահի ամենահավատարիմ մարդկանցից մեկը։

Ղազարյանն այդ պաշտոնից ազատվել է մայիսի 21-ին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am