Մանվել Գրիգորյանի սանիկը լրագրողին ԱԺ-ում «տուշոնկա» անվանեց, ապա՝ ներողություն խնդրեց

Քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Մանվել Գրիգորյանի սանիկ Անդրանիկ Կարապետյանի եւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջեւ: Բանն այն է, որ լրագրողը պատգամավորից հետաքրքրվել է. «Երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ երեք պատգամավոր դեմ է արտահայտվել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու որոշմանը, արդյո՞ք դեմ քվեարկածներից մեկը դուք եք»: Կարապետյանը պատասխանել է, որ երեկ արդեն մի քանի լրատվամիջոցի տեղի ունեցածի առնչությամբ պարզաբանում տվել է:

Լրագրողն այնուհետեւ հարցրել է. «Սպասելի՞ էր ձեզ համար, որ ձեր քավորը «տուշոնկա» կգողանար»: Կարապետյանը հարցով է պատասխանել, թե սպասելի՞ էր արդյոք լրագրողի համար:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանը եղել է Անդրանիկ Կարապետյանի հարսանիքի քավորը եւ նրանք մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, լրագրողը հարցրել է. «Արդյո՞ք վերջինս օգտվել է այդ բարիքներից, մասնավորապես՝ «տուշոնկայից»»: Ըստ լրագրողի՝ այս հարցը Անդրանիկ Կարապետյանին դուր չի եկել, նա սկսել է վիրավորել լրագրողին: «Այ տուշոնկա»,- ասել է նա լրագրողին: Լրագրողն էլ ի պատասխան նրան է անվանել նույն կերպ:

Ավելի ուշ խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Կարապետյանը հայտարարեց, որ լրագրողի հարցը դիտարկել է որպես անձնական վիրավորանք եւ դրա համար է նման կերպ արձագանքել: Նա ներողություն խնդրեց Փայլակ Ֆահրադյանից:

«Ինձ ասում է՝ դուք ազգականներ եք, հետո ասում է՝ դուք օգտվել եք այդ տուշոնկայից։ Բա դա վիրավորական չէ՞։ Լրագրողներն իրավունք ունեն պրոֆեսիոնալ հարցեր ուղղել եւ սպառիչ պատասխան ստանալ, բայց անձնական վիրավորանք ոչ ոք թույլ չի տա։ Ես դա վիրավորական եմ համարում։ Իրեն հարգող յուրաքանչյուր տղամարդ, կապ չունի՝ ԱԺ պատգամավոր է, թե ուղղակի քաղաքացի, պետք է դրանից վիրավորվի», – ասաց նա։

Աղբյուրը՝ armtimes.com