Մանվել Գրիգորյանն ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Էջմիածնի ԵԿՄ գրասենյակից

Մանվել Գրիգորյանի հետ էր նաև Սեյրան Սարոյանը, որին թույլ չտվեցին նստել նույն մեքենան։

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ Էջմիածնի երկրապահ կամավորական միության գրասենյակի տարածքից:

Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ շենքից, նրանց ուղեկցությամբ նստեց մեքենան: Նրա հետ էր նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը։

ԱԱԾ աշխատակիցը Սարոյանին թույլ չտվեց նստել նույն մեքենան։
Նշենք, որ ավելի վաղ Էջմիածնում բերման էր ենթարկվել քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն:

Այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն հատուկ գործողություններ էր իրականացնում Էջմիածնում, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում և Դոն Պիպոյի առանձնատանը:

Նշենք, որ վերջին օրերին բողոքի ցույցեր են անցկացվում Էջմիածնում։ Ցուցարարները պահանջում են Էջմիածնի քաղաքապետի հրաժարականը։ ԶԼՄ-ների տվյալով` բողոքի ցույցը կազմակերպել է քրեական հեղինակություն համարվող Ասատուր Ասատրյանը (Դոն Պիպոն)։

Ասատրյանը լրագրողներին ասել է, որ ուզում է արդարությունը վերականգնել քաղաքում։ Նա վստահեցրել է, որ քաղաքապետ դառնալու հավակնություն չունի։ Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որի հրաժարականն են պահանջում ցուցարարները, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am