Հայաստանում իրավիճակը բավականին ալեկոծված է։ Այն այդպես էլ մնում է։ Ալեկոծությունը կարող է երբեմն անկայունացնել վիճակը, բայց երբեմն էլ կարող է իրավիճակը փոխել։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հունիսի 14-ին «Արեւելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ Արեւելյան գործընկերությունը տարածաշրջանում խրախուսում է ճկուն քաղաքականությունը: «Մեզ անհրաժշետ են ճկուն կառուցվածքներ, որ մեր տնտեսությունն ու հասարակությունը պատրաստ լինեն անկանխատեսելի զարգացումներին»,- ասաց նա ու հավելեց, որ դա է Եվրամիության քաղաքականության առանցքը։ «Օգնել մեր գործընկերներին՝ պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների։ Պետք է պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների»,- նշեց դեսպանը։
Անդրադառնալով քաղաքական մարտահրավերներին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը նշեց, որ Արեւելյան գործընկերությունը տարածաշրջանի երկրների հետ այս հարցում ունի երկկողմանի օրակարգ, որը առաջնահերթություն է: «Մենք ցանկանում ենք օգնել երկրներին, որպեսզի նրանք կարողանան համագործակցել միմյանց հետ առավել քան երբեւէ»,- ասաց դեսպանը։
Աղբյուրը՝ armtimes.com